«Փոխնախարարներից ազատվելը քաղաքական որոշում է եղել». նախարար
Այսօր լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է որոշել ազատվել իր երկու տեղակալներից՝ փոխնախարարներ Սուրեն Քրմոյանից և Արթուր Հովհաննիսյանից։ Լրագրողները ճշտել են՝ նրանց աշխատանքից ազատելը հատկապես ո՞ւմ որոշումն է եղել:
Նախարար Արտակ Զեյնալյանը պատասխանել է, որ նրանց պաշտոններից ազատելու որոշումը կառավարության քաղաքական որոշման արդյունքում է արվել.
«Փոխնախարարների պաշտոնները քաղաքական պաշտոններ են, և նրանց ազատումը մեր կառավարության քաղաքական որոշման արդյունքում է եղել: Իսկ առաջարկի մասով նշեմ, որ այո, ձևաբանական առումով, ես եմ առաջարկն արել վարչապետին, քանի որ նախարարն առաջարկում է, վարչապետն ընդունում է կամ չի ընդունում որոշումը, իսկ այս պարագայում փոխնախարարներին ազատելը մեր ընդհանուր որոշման արդյունքում է արվել»:
Լրագրողների ճշտող հարցին՝ իսկ ի՞նչը այդուհանդերձ չգոհացրեց Ձեզ, ինչո՞ւ ազատվել նրանցից, Արտակ Զեյնալյանն այսպես է արձագանքել.
«Մենք շատ գոհ ենք նրանցից, բարձր ենք գնահատում նրանց աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը, բայց սա քաղաքական թիմի կայացրած որոշումն է եղել, իսկ թե ովքեր կփոխարինեն նրանց, չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մարտի 22-ին արդարադատության փոխնախարարներ Սուրեն Քրմոյանն ու Արթուր Հովհաննիսյանն ազատվեցին պաշտոններից: Նրանց պաշտոնանկության մասին մամուլը կանխատեսումներ անում էր դեռ հունվար-փետրվար ամիսներին, որպես հիմնական վարկած՝ շրջանառվում էր Հայաստանում Ամանորյա տոները նշելու մասին Փաշինյանի հատուկ հրահանգին չհետևելը:
Սուրեն Քրմոյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2014թ. մայիսից, իսկ Արթուր Հովհաննիսյանը՝ 2016թ. հոկտեմբերից:
ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ