Սիրիան խնդրել է ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ գումարել Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրադրության պատճառով. Agence France-Presse
Սիրիան խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ գումարել Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը մարտի 25-ին ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանների աղբյուրներ:
Այժմ, ինչպես հետեւում է հաղորդագրությունից, Ֆրանսիան, որը մարտին նախագահում է Անվտանգության խորհուրդը, պետք է նշանակի նիստի ամսաթիվը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ մարտի 25-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում հռչակագիր է ստորագրել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին:
Նման միակողմանի գործողություններին դեմ են արտահայտվել ոչ միայն Սիրիան եւ արաբական ու իսլամական աշխարհի այլ երկրներ, այլեւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Եվրոպայի հանգուցային երկրները, ներառյալ Գերմանիան եւ Ֆրանսիան: