
Մահացել է դերասան Նոդար Մղալոբլիշվիլին

87 տարեկան հասակում մահացել է խորհրդային եւ վրացի դերասան Նոդար Մղալոբլիշվիլին: Մարտի 26-ին այս մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը։ Մանրամասնություններ չեն նշվում:
Մղալոբլիշվիլին դերասանական կարիերան սկսել է 1954 թվականին: Առավել ակնառու թատերական գործերից են Դերասանը (Մաքսիմ Գորկու «Հատակում»), Օսվալդը (Հենրի Իբսենի «Ուրվականներ»), Յագոն (Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո»):
Նա խաղացել է խորհրդային եւ վրացական տասնյակ ֆիլմերում, ինչպես նաեւ ռուսական կինոնկարներում եւ հեռուստասերիալներում: Առավել հայտնի դերերից մեկը կոմս Կալիոստրոն է ռեժիսոր Մարկ Զախարովի «Սիրո բանաձեւ» (1984) կինոժապավենում:
Նոդար Մղալոբլիշվիլին Վրաստանի վաստակավոր արտիստ էր 1976 թվականից եւ ժողովրդական արտիստ՝ 1979 թվականից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: