Հայաստանում ունիվերսալ ցուցարարների խումբ է գործում. ով է վառ ներկայացուցիչը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լուսանկարում պատկերված անձնավորությունը Սամվել Մովսիսյանն է՝ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամներից, «Հանուն արդարության» խմբի ներկայացուցիչ: Նրան կարելի է տեսնել բողոքի բոլոր ակցիաների ժամանակ, երբ կառավարության շենքի առաջ տարադրամի փոխանակման կետերի ու գրավատների սեւականատերերի ցույցեր են անում` դժգոհելով Հարկային օրենսգրքի նախագծի դեմ: Նրան կարելի է տեսնել Ավշարի դպրոցում կազմակերպված բողոքի ցույցերին, եւ այսպես շարունակ:

Կմտածեք՝ պարոն Մովսիսյանը մտահոգ է երկրում ստեղծված իրավիճակով, առկա խնդիրներով ու, որպես ակտիվ քաղաքացի, մասնակցում է բողոքի ցույցերին: Միգուցե եւ այդպես է, առավել եւս, երբ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է մասնակցել խաղաղ հավաքներին:

Բայց զարմանալի զուգադիպությամբ նրան կարելի է տեսնել բողոքի ցույցերին նաեւ ակտիվ հարցազրույցներ տալիս, ի դեպ` հիմնականում նույն լրատվամիջոցներին: Ու այդ ամենը տեսնելուց հետո միանգամայն այլ տպավորություն է ստեղծվում մարդկանց մոտ, օրինակ՝ կասկածներ են առաջանում, որ ՀՀ-ում գործում է ունիվերսալ ցուցարարների խումբ (որոշակի շրջանակներից ուղղորդվող), որը մեկ խնդիր ունի՝ տարատեսակ թեմաներով բողոքի ցույցեր կազմակերպել ու էկրաններից քննադատել իշխանություններին:

Նպատակն էլ տպավորություն ստեղծելն է, թե իշխանությունների նկատմամբ համընդհանուր դժգոհություն կա երկրում: Այս ամենը զուտ ենթադրություններ են, բայց, համաձայնեք, ոչ անհիմն»:

Տեսանյութեր

Լրահոս