ՔՊ-ական պատգամավորն իր փոխարեն գործուղման Դուշանբե է ուղարկել իր օգնականին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը որոշել է, որ նույն հանձնաժողովի անդամ Հրաչ Հակոբյանի հետ Դուշանբե գործուղման պետք է մեկնի իր օգնականը։

Հրավերը եկել է 2 անձի համար, բայց Զեյնալյանն իր փոխարեն գործուղում է օգնականին։ Անգամ նախկին իշխանության ժամանակ նման պրակտիկա չի եղել՝ գործուղումներին պատգամավորների օգնականներ չեն մեկնել, մասնակցել են կա՛մ պատգամավորները, կա՛մ փորձագետներն ու աշխատակազմի ներկայացուցիչները։

Նույնիսկ եթե, ինչպես Զեյնալյանն է ասում, հրավիրող կողմն է հոգացել բոլոր ծախսերը։ Հանձնաժողովի կազմում 12 պատգամավոր կա, կարող էր մեկ ուրիշը մեկնել։ Ի վերջո, միջխորհրդարանական խորհրդաժողովին, ըստ արարողակարգի, պատգամավորի մակարդակով են մասնակցում։ ԱԺ պաշտոնական կայքում կարդում ենք․ «Երիտասարդների իրավունքների պաշտպանության եւ երիտասարդության զարգացման ոլորտում ներդրումներին նվիրված տարածաշրջանային միջխորհրդարանական խորհրդաժողովին մասնակցելու համար 2019 թվականի մարտի 27-29-ը ներառյալ Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը»։

Նարեկ Զեյնալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հրավիրել են պատգամավորներին, բայց քանի որ այս քառօրյայի օրակարգում իրենց հանձնաժողովին առնչվող 3 նախագիծ կա, «կարեւոր էր, որ հանձնաժողովի անդամները լինեին տեղում եւ անհրաժեշտության դեպքում ելույթներ ունենան, հարցուպատասխան լինի։ Եթե քառօրյա չլիներ, վերաբերմունքն այլ կլիներ»։

Երբ հետաքրքրվեցինք, թե չէ՞ր կարող իշխանական պատգամավորի փոխարեն ընդդիմությունից մեկը գործուղվել, պատգամավորը փոքր-ինչ կարկամեց․ «Ճիշտն ասած՝ ես թեման չեմ հիշում, ու նաեւ կարեւոր, հնչեղություն ունեցող միջոցառման մասին չէր խոսքը, ուղղակի, որպես ժեստ՝ որոշեցինք ուղարկել ինչ-որ մեկին»։ Հասկանալի չէ՝ սրանով օգնականի ստատո՞ւսն են բարձրացրել, թե՞ Հրաչ Հակոբյանինն են իջեցրել։ Վերջինս մեր հարցին պատասխանեց․ «Ես կարեւորեցի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս