Ապագա հայրերի ծխելը կապել են նրանց զավակների մոտ սրտի բնածին արատների զարգացման ռիսկի հետ

Ապագա հայրերի ծխելու մոլությունը բացասական ազդեցություն է թողնում սերնդի առողջության վրա՝ զգալիորեն մեծացնելով սրտի բնածին արատների զարգացման ռիսկը: Այս եզրակացությանն է հանգել չինացի գիտնականների խումբը կատարված հետազոտությունից հետո, որի արդյունքների մասին հայտնել է ScienceDaily գիտական նորությունների պորտալը:

Չանշա քաղաքի (Հունանի նահանգ, Կենտրոնական Չինաստան) Հարավային կենտրոնական համալսարանի մասնագետները վերլուծել են ավելի քան 125 հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել է շուրջ 8,8 միլիոն մարդ, ներառյալ 137,5 հազար երեխա սրտի բնածին արատով: Հրատարակությունը նշում է, որ փորձագետներն առաջին անգամ են ուսումնասիրել կապն ապագա հայրերի ծխելու, մայրերի պասիվ ծխելու եւ նրանց նորածին երեխաների մոտ սրտի արատների առաջացման ռիսկի միջեւ:

Արդյունքները ցույց են տվել, որ ինչպես ապագա հայրերի, այնպես էլ ապագա մայրերի ծխելու հակումն զգալիորեն մեծացնում է սրտի արատով երեխաների ծնվելու հավանականությունը: Ըստ որում այդ կործանարար սովորության առկայությունը հայր դառնալ պատրաստվող տղամարդկանց մոտ զավակների սրտի բնածին արատի զարգացումը մեծացնում է 74 տոկոսով, իսկ հղի կանանց ծխելու հակումը՝ 25 տոկոսով:

Գիտնականները նաեւ պարզել են, որ նորածինների առողջությանն ամենամեծ վնասը հասցրել է ապագա մայրերի պասիվ ծխելը: Այսպես, նրանց երեխաների մոտ սրտի բնածին արատների առաջացման հավանականութունն աճել է 124 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս