Բաժիններ՝

««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն` վարչական պաշտոններ կարող են զբաղեցնել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն». Դավիթ Խաժակյան

Օրեր առաջ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում մասնավորապես նշել էր նաև այն մասին, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը բարձրագույն կրթություն չունի:

Դրանից հետո Քաղաքապետարանն ինչ-որ անհասկանալի պարզաբանում ներկայացրեց, որից պարզ դարձավ, որ վարչական շրջանի ղեկավարը դեռևս ուսանող է:

Ինչևէ, այսօր Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում չի հերքել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի բարձրագույն կրթություն չունենալը, սակայն ասել է, որ նման պահանջ օրենսդրությունը չի սահմանում։

«Հանրային ծառայություն իրականացնելու համար կա համապատասխան հոդված, որտեղ բարձրագույն կրթության պահանջ չկա»,- նշել է Կարապետյանը՝ մեկնաբանելով Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանի գրառումը:

Ըստ ամենայնի` քաղաքապետի մամլո խոսնակը վկայակոչել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածը, որը միայն 25 տարեկան լինելու ու ընտրական իրավունք ունենալու պահանջ է սահմանում։

«168 ժամ»-ի հետ զրույցում սակայն, մեկնաբանելով իր գրառման հետ կապված Քաղաքապետարանի հակադարձումը, «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ասաց, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` Համայնքային վարչական պաշտոններն են մասնավորապես Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի, բազմաբնակավայր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնները:

Նույն հոդվածի 6-րդ կետը սահմանում է, որ վարչական պաշտոններ կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն:

«Երևանի ՏԻՄ օրենքը բարձրագույն կրթության մասով լռում է, իսկ Հանրային ծառայության մասին օրենքը` հստակ սահմանում։ Հիշեցնեմ, որ Ալեն Սիմոնյանը ավագանու անդամի մանդատից զրկվեց նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ոչ թե Երևանի ՏԻՄ օրենքի, այլ հենց ՀԾ մասին օրենքի սահմանափակումով»,- հավելեց Դավիթ Խաժակյանը:

«168 ժամ»-ի այն դիտարկմանը, թե արդյոք ներպետական օրենքները միմյանց վրա գերակայություն ունեն, թե ոչ, Դավիթ Խաժակյանն ասաց, որ գերակայության հարցը իմաստ կունենար քննարկել, եթե մեկը հակասեր մյուսին։ Այս դեպքում մեկը սահմանում է, մյուսը` լռում, ինչպես իր բերած օրինակում, հետևաբար առաջնորդվել պետք է նրանով, որը սահմանում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս