Բաժիններ՝

Շիրակի մարզում ՊԵԿ նշանակումները կատարվում են ծանոթ-բարեկամով. «Օպերի Արմենը» նշանակումներ է անում ոչ մրցութային կարգով. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ԱԺ ամբիոնից անդրադառնալով ՊԵԿ-ում աշխատանքի ընդունման համար մրցույթների հետ կապված բողոքներին, նշեց, որ բազմաթիվ բողոքներ է ստացել, որոնցից մեկը ստիպված է  հրապարակել։

«Կարծես թե մրցույթը պետք է ընթանա իր նորմավորված ընթացքով, սակայն նշանակումները, այն էլ՝ Շիրակի մարզում, լինում են ծանոթ-բարեկամի միջոցով։ Ստացել եմ մեկ նամակ, որը կհրապարակեմ։ Արմեն Հակոբյանին Շիրակի մարզում ճանաչում են՝ որպես «օպերի Արմեն», նա եղել է Հարկայինի նախկին աշխատող, աշխատանքի ընթացքում ձեռք է բերել մեծ բիզնեսներ, և նրան ճանաչում են՝ որպես հարկերից խուսափող Հարկայինի աշխատող։ Այս մարդն այսօր կրկին Շիրակի մարզում նշանակվել է օպերի պետ, նա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի համակուրսեցին է։ Մեր դիմումատուների դիմումների հիման վրա դիմել եմ ՊԵԿ-ին, որի պատասխանը եղել է հերթական «լոլոներից»»,- նշեց պատգամավորը։

Ըստ նրա, եթե Դավիթ Անանյանը վստահ է, որ վստահելի մարդու է նշանակել օպերի պետ, ապա պետք է իմանա, որ նա բացարձակ վստահելի չէ։

««Օպերի Արմենը» նշանակումներ է անում ոչ թե մրցութային կարգով, այլ նրան, որին համարում է իր վստահելին։ Տեղի է ունենում մի վիճակ, երբ հունվարին մրցույթը հաղթահարում են անձինք, սակայն նրանցից որևէ մեկը չի նշանակվում, փոխարենը՝ նշանակվում են պատահական անձինք, որոնք հենց այդ մարդու «դաբրոյով» են հասել այնտեղ։ Շատ ցավալի է, որ մենք գնում ենք երկրի բարելավման, բայց այս ոլորտում նշանակում ենք պատահական անձանց, որոնք ուղղակիորեն կծառայեն «օպերի Արմենին», սա մեզ համար լուրջ խնդիր է: Ուղղակի կոչ եմ անում պարոն Անանյանին, եթե տեղյակ չէ, ապա ուշադիր լինի և տեղեկանա, թե ինչ է կատարվում Շիրակի մարզում, իսկ եթե տեղյակ է, ապա խորհուրդ եմ տալիս վերջ դնել, որովհետև այլևս մենք այլ իրականության մեջ ենք»»,- եզրափակեց պատգամավորը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս