Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի դպրոցը փակվել է
Դեռևս 2018թ. դեկտեմբերին հրապարակում էինք պատրաստել այն մասին, որ Հայաստանի առաջատար գրոսմայստերներ Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի կողմից 2012 թվականին Երևանում հիմնած շախմատի դպրոցը, որի նպատակն էր՝ աջակցել 10-18 տարեկան պատանիների և աղջիկների շախմատային զարգացմանը, նպաստել շախմատի տարածմանը, խնդրի առջև էր կանգնել, դադարեցվել էր պետության կողմից ֆինանսական աջակցությունը:
«Քանի որ պարապմունքներն անցկացնում էինք նախկին «Միկա» մարզահամալիրում, որը դպրոցի գործունեությունը սկսելու ժամանակ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի ենթակայության տակ էր, ֆինանսավորումը ստանում էինք տվյալ ուսումնական կենտրոնից:
Հետագայում Մարզահամալիրն անցավ Սպորտի և երիտասարդության նախարարության ենթակայության տակ, իսկ ուսումնական կենտրոնից պատճառաբանեցին, թե սպորտի հետ այլևս առնչություն չունեն, չեն կարող բյուջեի քննարկումների ժամանակ շախմատի համար գումար ուզել, և հոկտեմբերի 5-ից դադարեցրին ֆինանսավորումը: Դպրոցում սովորում էր 20 երեխա: Հանդիպել ենք ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Լևոն Վահրադյանի հետ, ներկայիս նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի հետ, սակայն հանդիպումները ցանկալի արդյունք չեն տվել»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Գաբրիել Սարգսյանը:
Փաստորեն, Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի կողմից 2012թ. Երևանում հիմնած շախմատի դպրոցը փակվել է: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Գաբրիել Սարգսյանը:
Հարցին՝ չէ՞ որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից հայտնել էին, որ խնդրին լուծում է տրվելու, Գաբրիել Սարգսյանը պատասխանեց.
«Իրենց առաջարկը ձևական բնույթ էր կրում, բոլորին պարզ է, որ մեր մարզիչներն այդ պայմաններով չեն կարող աշխատել: Նրանք առաջարկել են 120.000 դրամ աշխատավարձ: Հիմա մենք հովանավորներ ենք փնտրում, կարծում եմ՝ մոտ ապագայում մեր գրոսմայստերական դպրոցը կվերաբացվի»:
Գրոսմայստերը դեռևս անցյալ տարի մեզ հետ զրույցում ընդգծել էր, որ չնայած աշակերտների փոքր քանակին՝ վերջին երեք տարիներին ունեցած 8 մեդալներից 6-ը բաժին է հասել իրենց շախմատի դպրոցին, իսկ վերջին 2 տարիների մեդալներից 4-ն էլ դպրոցի սաներն են նվաճել: Դպրոցի երկու աշակերտներ էլ դարձել են միջազգային գրոսմայստերներ:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամլո խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանն այն ժամանակ մեզ հետ զրույցում ասել էր, որ «Միկա» մարզակառույցն է գտնվում նախարարության ենթակայության ներքո, ոչ թե խմբակները:
«Այնտեղ մարզումներ անցկացնող խմբակները հո չե՞ն անցել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Կան մարզադպրոցներ, որոնք ունեն այլ գերատեսչական ենթակայություն: Տեսնենք, թե ի՞նչ կլինի, Կառավարության կազմն ինչպիսի՞ն կլինի, գործառույթներն ու ծրագրերը ո՞ր նախարարությունը, գերատեսչությունը կիրականացնի: Ամեն ինչ կկարգավորվի, այնտեղ գերատեսչական պատկանելության հետ կապված հարցեր են, կլուծվեն: Խնդիրը նախարարի հետ քննարկվել է, ու լուծում տրվելու է միանշանակ»,- այն ժամանակ նշել էր Ա.Մարտիրոսյանը:
Անի Կարապետյան