Բաժիններ՝

Սերգեյ Բագրատյանն ԱԺ-ի թերբեռնված ռեժմին լուծում է առաջարկում

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այն կարծիքին է, որ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգն արագ է սպառվում, որ Ազգային ժողովն այդ առումով ունի թերբեռնված ռեժիմ։ Այս հարցի լուծման համար պատգամավորն ունի իր տարբերակը։

«Առաջարկում եմ դիմել ԱԺ նախագահին և ԱԺ խորհրդին՝ քառօրյա նիստի երկու օրերը, քանի որ այս քառօրյայի օրակարգը վաղը կսպառվի, կազմակերպել արտագնա նիստ Գյումրի քաղաքում, որտեղ Գյումրու ավագանու հետ կարող ենք քննարկել ավագանու նիստը, իհարկե, խորհրդակցական ձայնի իրավունքով, տեղում կազմակերպել քաղաքացիների ընդունելություն: Այսպիսի խոսք կա, երբ Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գնում Մուհամեդի հետ»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ պետք է կարողանալ հաղթահարել անջրպետը և քաղաքացիների հետ ուղիղ շփման միջոցով լսել այն խնդիրները, որոնք հետագայում պետք է դառնան օրենսդրական նախաձեռնության հնարավորություն։

«Քանի դեռ կառավարությունը պատրաստ չէ ամբողջ ռեժիմով նախագծեր բերելու, և մենք էլ կարծես թե թերանում ենք նախագծեր պատրաստելիս, կարող ենք գոնե շփումն ապահովել մեր հանրության հետ, ծանոթանալ նաև Գյումրու մշակութային կյանքին։ Չորս ավտոբուսով կարող ենք ողջ կազմով տեղափոխվել Գյումրի, առավոտյան մասնակցել նիստին, ընդունել քաղաքացիներին և երեկոյան վերադառնալ։ Բոլորիս էլ հանդիպել է այն դեպքը, որ ժողովուրդն ասում է, թե իրենց ընտրությունների ժամանակ ենք հիշում»,- շեշտեց Սերգեյ Բագրատյանը:

Նա հույս հայտնեց, որ իր առաջարկն ԱԺ ղեկավարությունը կքննարկի։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս