
ԵՄ-ն ցանկանում է ակտիվ դեր խաղալ «Մետաքսի ճանապարհ» նախագծում. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ «Մետաքսի ճանապարհ» նախագիծը շատ կարեւոր է, եւ եվրոպացիները ցանկանում են ակտիվ դեր խաղալ դրանում։
«Կարծում եմ, որ «Մետաքսի ճանապարհ» նախագիծը շատ կարեւոր է: Մենք` եվրոպացիներս, ցանկանում ենք մասնակցել եւ ակտիվ դեր խաղալ այդ նախագծում: Դա պետք է տանի որոշակի փոխադարձության»,-հայտարարել է Մերկելը՝ ամփոփելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ ԵՄ-Չինաստան գագաթնաժողովի նախաշեմին կայացած հանդիպման արդյունքները, որն ապրիլի 9-ին տեղի կունենա Բրյուսելում:
«Նախագիծը՝ որպես այդպիսին, ակնառու կերպով ցուցադրում Է մեր փոխկախվածությունը եւ մեր փոխադարձ կապը»,-հավելել է կանցլերը: Հեռարձակումն իրականացվել է Եվրահանձնաժողովի կայքում:
«Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» հայեցակարգը Չինաստանի միջազգային նախաձեռնությունն է գոյություն ունեցող առեւտրափոխադրական միջանցքների կատարելագործման եւ նորերի ստեղծման վերաբերյալ, որոնք կապում են Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի եւ Աֆրիկայի 60-ից ավելի երկրների, ինչը կոչված է նպաստելու նրանց եւ Չինաստանի միջեւ առեւտրական հարաբերությունների զարգացմանը:
«Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ձեւավորման գաղափարն առաջադրվել է Սի Ցզինպինի կողմից եւ առաջին անգամ հրապարակվել է 2013 թվականի սեպտեմբերին Ղազախստան պետական այցի շրջանակում Աստանայում նրա ունեցած ելույթի ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: