«Ցավոք, սուտն այսօր աննորմալ տեմպերով տարածվում է»
«Արդեն վաղուց Հայաստանի և Արցախի Հանրապետությունները և ողջ հայությունը գտնվում են շատ լուրջ տեղեկատվական պատերազմի մեջ։ Ադրբեջանն ու Թուրքիան՝ յուրաքանչյուրն իր ձևով օգտագործելով լկտի սուտը, փորձում են միշտ հիմնավորել հայի ատելության այն քաղաքականությունը, որը որդեգրել էին նախորդ տարիներին»,- այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Նա հիշեցրեց, որ այս տարվա ապրիլի 10-ին լրանում է Մարաղայի կոտորածների 27-րդ տարելիցը, ուստի անհրաժեշտ է, որպեսզի այդ հարցի շուրջ Ազգային ժողովում լինի հատուկ հայտարարություն և որոշակի միջոցառումներ, որոնք թույլ կտան հիշել, թե այսօր ում հետ գործ ունեն։
«Սա նաև առիթ կլինի միջազգային հանրությանը ցույց տալու այն պետության իրական դեմքն ու պատկերը, որին հետ այսօր մենք փորձում ենք հասնել որոշակի համաձայնությունների։ Պարզ է, որ հաճախակի հայկական կողմի բարի ու մարդասիրական կեցվածքն ընկալվում է՝ որպես թուլություն, սրա մասին մենք պետք է խոսենք։ Սակայն այս և նմանատիպ իրադարձությունների մասին պետք է միշտ բարձրաձայնենք ամենաբարձր ամբիոններից։ Այլ կերպ արդեն հնարավոր չէ, քանի որ, ցավոք, սուտն այսօր աննորմալ տեմպերով տարածվում է»,- հավելեց Արման Աբովյանը։
Զվարթ Խաչատրյան