Բաժիններ՝

Մեղադրանք է առաջադրվել ՌԴ 20-ամյա քաղաքացուն

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքերի հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։ Մեկ մեղադրյալի՝ ՌԴ 20-ամյա քաղաքացու մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալից 2018թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, կանխիկացվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2018թ. օգոստոսի 18-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը շարունակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Որոշում է կայացվել հիշյալ քրեական գործը միացնել միևնույն եղանակով կատարված հափշտակությունների վերաբերյալ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործին:

Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ 2018թ. օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում նմանատիպ դեպքեր տեղի են ունեցել նաև Երևանում և Կոտայքում տեղադրված «Կոնվերս Բանկ»-ի՝ շուրջ մեկ տասնյակից ավելի բանկոմատներից:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են հափշտակության մի շարք հանգամանքներ՝ մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է ՌԴ քաղաքացի՝ ծնված 1998 թվականին:

Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 20-ամյա երիտասարդը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատներից հափշտակություններ կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով ինքնությունը չպարզված անձի հետ, վերջինիս կազմակերպմամբ, 2018թ. օգոստոսի 15-ին և 17-ին «Կոնվերս Բանկ»-ին պատկանող բանկոմատներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.200.000 ՀՀ դրամ գումար:

Այսպես, ինքնությունը չպարզված անձը, տեղյակ լինելով, որ«Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության համակարգչային համակարգում ներբեռնված ծրագրի գործարկման արդյունքում ընկերության կողմից սպասարկվող բանկոմատներից 2018թ. օգոստոսի 15-ին և 17-ին թղթադրամների ելքագրում է կատարվելու, նպատակադրվել է կազմակերպել և ղեկավարել «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությունը, ինչի մասին վերջինս հայտնել է 20-ամյա երիտասարդին և նախնական համաձայնություն ձեռք բերել:

Դրանից հետո 20-ամյա երիտասարդը, հետևելով իրեն տրված ցուցումներին, 2018թ. օգոստոսի 15-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից հափշտակել է ՓԲ ընկերության համակարգչային համակարգում ներբեռնված ծրագրի գործարկման արդյունքում բանկոմատից ելքագրված ընդհանուր՝ 800,000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, կրկին նույն անձի ցուցումով, խմբի կազմում գործող մեկ այլ անձի հետ, 2018թ. օգոստոսի 17-ին, նույն եղանակով, «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության՝ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղակայված բանկոմատից հափշտակել է ելքագրված ընդհանուր 16 400 000 ՀՀ դրամ գումար:

Գողոնի մի մասը հայտնաբերվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1998թ. ծնված ՌԴ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս