Բաժիններ՝

«Գումարով դիպլոմային և կուրսային աշխատանքներ գրելու գովազդն ինչպե՞ս եք վերահսկելու համացանցում». Սերգեյ Բագրատյանը՝ Հովհաննես Հովհաննիսյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր խորհրդարանում «ՀՀ գովազդի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե համացանցում ինչպե՞ս են պայքարելու, որպեսզի գումարով կուրսային և դիպլոմային աշխատանքներ գրողները գովազդներ չտարածեն, քանի որ «ՀՀ գովազդի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով նախատեսվում է արգելել գումարով կուրսային և դիպլոմային աշխատանքներ գրելու գովազդները։

Ըստ Հ. Հովհաննիսյանի՝ համացանցի դեպքում պայքարը հողմաղացների դեմ պայքար է, և այսօր դեռևս չի գտնվել այն մեթոդը, որով հնարավոր կլինի պայքարել։

«Բուհերը պետք է մտածեն իրենց մրցակցային առավելությունները բարձրացնելու մասին, և նորից եմ շեշտում, որ մեկ էջանոց վերլուծական աշխատանքն ավելին արժե, քան 30 էջանոց արտագրությունը, այս առումով բուհերը մեծապես պետք է շեշտադրումը կատարեն քննական մտածողության զարգացման վրա, որպեսզի մենք ունենանք քննադատական միտք ունեցող ուսանողություն»,- ասաց Հ. Հովհաննիսյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպես են վերահսկելու այն գործընթացը, որ, օրինակ, գումարով դիպլոմային աշխատանքներ գրողները թռուցիկներ բաժանեն, հեռախոսահամարներ փոխանցեն և այլն։

«Ի՞նչ իմաստ ունի այժմ քննարկելու օրենքի այս նախագիծը, եթե դուք ընդհանրապես նպատակ ունեք արգելելու այս կազմակերպությունների գործունեությունը: Կազմակերպություններինը արգելեցիք, իսկ անհատներին ինչպե՞ս եք վերահսկելու»,- հարցրեց Անի Սամսոնյանը։

Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց, որ գրագողության խնդիրն ամբողջ աշխարհում է առկա, և չի կարծում, թե Հայաստանում այն մեկ կամ երկու օրինագծով հնարավոր կլինի լուծել։

«Սա նախազգուշական տարբերակն է, և հետագայում կգա ընդհանրապես արգելումը: Քավ լինի, ես հակված չեմ կարծելու, որ այս խնդիրը հնարավոր է մեկընդմիշտ լուծել։ Գոնե շատ նվազեցնելու տարբերակն արդեն ասացի, թե որտեղ է գտնվում՝ այն գտնվում է բուհերի դաշտում»,- պատասխանեց Հովհաննես Հովհաննիսյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս