
Լիբանանից սիրիացի փախստականների ալիքը կարող է հասնել Եվրոպա. նախագահ Միշել Աուն

Լիբանանի տնտեսական իրադրությունը, որի տարածքում գտնվում են 1,5 մլն սիրիացի փախստականներ, կարող է նրանց դրդել արտագաղթելու Եվրոպա: Այդ մասին Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ մարտի 26-ին կայացած հանդիպմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ մոտ կա 500 հազար պաղեստինցի փախստական, եւս շուրջ 1,5 մլն սիրիացի: Դա չափազանց շատ է մեր երկրի համար,-ընդգծել է Աունը:-Եվրոպան անմիջականորեն շահագրգռված է իրադրության կարգավորմամբ, քանի որ Լիբանանում գտնվող սիրիացի փախստականները դժգոհ են երկրի տնտեսական իրադրությունից եւ մոտ ժամանակներս միգրանտների նորանոր ալիքներ կտարածվեն դեպի Եվրոպա»:
«Մենք բախվում ենք սիրիական ճգնաժամի սարսափազդու տնտեսական հետեւանքներին,-հավելել է նա:-Մեծ հույս ունենք, որ ՌԴ-ն մեզ կաջակցի լուծելու գլխավոր խնդիրը՝ մեզ մոտ գտնվող սիրիացի փախստականներին վերադարձնելու իրենց տներ»։