«Երախտիքի դիպլոմ»՝ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանին
Վրաստանում մարտի 21-ին նշվել է «Վրաց ժուռնալիստիկայի օրը»։ Վրաստանի ժուռնալիստների ստեղծագործական միության եւ Թբիլիսիի պետական համալսարանի նախաձեռնությամբ, լրագրողների համար սահմանված պրոֆեսիոնալ այս տոնը ընթացիկ տարում համալրվել է երկու նշանակալի իրադարձությամբ՝ վրաց ժուռնալիստիկայի 200 եւ Վրաստանի ժուռնալիստների ստեղծագործական միության հիմնադրման 60-ամյակներով։
Լրագրողների մասնագիտական օրվա առթիվ շնորհավորանքներ են հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Հոբելյանների առթիվ, Վրաստանի ժուռնալիստների ստեղծագործական միությունը պարգեւատրել է լրատվամիջոցների առանձին ներկայացուցիչների։ Վրաց ժուռնալիստիկայի զարգացման, ժուռնալիստիկայի ոլորտում ազգամիջյան բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործում ներդրած ավանդի համար, «Վրաստան» թերթի խմբագիր, Վրաստանի վաստակավոր ժուռնալիստ Վան Բայբուրթյանը պարգեւատրվել է «Երախտիքի դիպլոմով»։
Վրաց ժուռնալիստիկայի օրը սահմանվել է ի նշանավորումն 1819 թվականի մարտին վրացական «Սաքարթվելոս գազեթի» թերթի առաջին համարի լույսընծայման: Ընդ որում, «Սաքարթվելոս գազեթի» թերթի առաջին համարում նշված էր, որ պարբերականի լուսընծայման գործում ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Վիրահայոց թեմի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցին:
Նկարում՝ Վրաստանի ժուռնալիստների ստեղծագործական միության նախագահ Մարինա Գիգինեիշվիլին՝ պարգեւը հանձնելիս