Վուչիչը հայտարարել է Սերբիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների հնարավոր անցկացումը
Սերբիայի Ժողովրդական սկուպշչինայի (միապալատ խորհրդարան) վաղաժամկետ ընտրությունները կարող են անցկացվել 2019 թվականի հունիսին, իսկ տեղական ընտրությունները՝ 2020 թվականի մայիսին: Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը, որն իշխող Սերբիայի առաջադիմական կուսակցության (ՍԱԿ) առաջնորդն է:
«Խորհրդարանական ընտրությունները կարող են կայանալ կա՛մ հունիսին, կա՛մ եկող տարվա գարնանը: ՍԱԿ-ի նախագահությունը մեկ ձեռնպահ ձայնով՝ իմ ձայնով, պաշտպանեց վաղաժամկետ ընտրությունների նշանակումը»,-հայտարարել է Վուչիչը: Այս դեպքում, ՍԱԿ-ի ղեկավարի խոսքով, տեղական ընտրությունները կարող են կայանալ մայիսին:
«Մենք 10-12 ամսվա մեծ դադար կունենայինք ընտրությունների միջեւ, ինչը մարդկանց հնարավորություն կտար տեղերում քվեարկել սեփական կամքի եւ տեղական իշխանությունների աշխատանքի հիման վրա»,-ասել է նա: Alo սերբական թերթը, վկայակոչելով սեփական աղբյուրներ Վուչիչի կուսակցությունում, հայտնել է, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ հունիսի 23-ին:
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը չի բացառել սերբական խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունների անցկացման հնարավորությունը՝ խոստանալով անհապաղ դրանք նշանակել, եթե դա պահանջի ընդդիմությունը: Վերլուծաբանները պնդում են, որ ներկայում Վուչիչը, հարցումների համաձայն, ունի բնակչության 55 տոկոսի աջակցությունը: Ընդսմին վերջին ամիսների ընթացքում Բելգրադում տեղի են ունենում ընդդիմության կողմից կազմակերպված զանգվածային հակակառավարական ակցիաներ:
Իր հերթին ընդդիմությունը հրապարակել է «Համաձայնություն ժողովրդի հետ» վերտառությամբ ծրագիրը, որի համաձայն, նա մտադիր է պայքարել ԶԼՄ-ների ազատության համար, բոյկոտել հնարավոր խորհրդարանական ընտրությունները եւ հրաժարվել բոլոր մակարդակների խորհրդարանների ու խորհուրդների աշխատանքին մասնակցելուց՝ Ժողովրդական սկուպշչինայից մինչեւ տեղական խորհուրդներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: