«83 000 բնակիչ պարենային գծից ցածր կենսաթոշակ է ստանում». Նարեկ Զեյնալյան
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ԱԺ-ում անդրադառնալով «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին՝ հիշեցրեց, որ կառավարության ծրագրում հստակ նշված է եղել «աղքատության վերացում» խոստումը, և ներկայացված ծրագիրն ընդամենը մեկ քայլ է՝ դեպի այդ խնդրի լուծումը։
Հիշեցնենք, որ «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված է նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել 25.500 դրամ։
«Բնականաբար, դրանով չենք հաղթահարում ամբողջ աղքատությունը, սա ընդամենը մեկ դրական քայլ է այդ ճանապարհին։ Խոսքը վերաբերում է մոտավորապես 83 հազար բնակչի, որոնք պարենային գծից ցածր կենսաթոշակ էին ստանում, այսքան բնակչի մասով գումարն ավելանում է։ Բնականաբար, սա այն իդեալական գումարը չէ, ցանկալի կլիներ երկու-երեք անգամ ավելացնել կենսաթոշակները, սակայն այս պահին կառավարության և բյուջեի հնարավորություններն այսքան են»,- ասաց Նարեկ Զեյնալյանը։
Զվարթ Խաչատրյան