ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են Հայաստանում սպասվող բարեփոխումները և հստակ ու զգալի արդյունքների հույս հայտնում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները Հայաստան կատարած այցի արդյունքներով հայտարարել են, որ երկրի իշխանությունները հիանալի հասկանում են հանրության ակնկալիքները: Ինչպես հաղորդում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը, Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրցելին (Սլովենիա) հույս են հայտնել, որ Հայաստանում սպասվող բարեփոխումները կհանգեցնեն հստակ և զգալի արդյունքների:

Համազեկուցողները ողջունել են Ազգային ժողովին ինստիտուցիոնալ համակարգում կենտրոնական դեր հատկացնելու խորհրդարանականների պատրաստակամությունը, ինչպես նաև իշխանության ճյուղերը տարանջատելու գործադիրի ցանկությունը: «Հայաստանում «ուղղաձիգ իշխանության» ավանդույթը հնացած է, և կարելի է միայն ողջունել ուժերի իրավական հավասարակշռություն ստեղծելու ցանկացած պատրաստակամություն»,- ասել են համազեկուցողները՝ ընդգծելով, որ դա կարող է նպաստել Հայաստանում ժողովրդավարական մշակույթի արմատավորմանը՝ հիմնված բազմակարծության և հանդուրժողականության վրա:

Հայաստանում ունեցած հանդիպումների ընթացքում համազեկուցողները տեղեկացվել են, որ իշխանությունների մոտ տեղի են ունեցել տրամադրության և վերաբերմունքի ակնհայտ փոփոխություններ մի շարք ուղղությունների նկատմամբ, ինչպիսիք են գենդերային հավասարությունը, կոռուպցիայի դեմ պայքարը: Նրանք նաև տեղեկացվել են, որ կոռուպցիայի դեմ պայքարի առաջին արդյունքներն արդեն առկա են: «Մենք ողջունում ենք պատրաստվող բարեփոխումների մեծ մասը, որոնք վերաբերվում են դատական իշխանության անկախությանը, նոր քրեական քաղաքականության ընդունմանը, կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարի ինստիտուտների ստեղծմանը»,- ասել են համազեկուցողները:

Նշվում է, որ համազեկուցողները ուշադրությամբ հետևելու են վերը նշված բարեփոխումների իրականացման ընթացքին: Նրանք Հայաստանի իշխանություններին կոչ են արել օգտագործել հանրային լայն աջակցությունը, որպեսզի ակտիվացնեն ջանքերը սոցիալական բարեփոխումներ իրականացնելու հարցում՝ ներառյալ բոլոր հայերի համար սոցիալական ծառայությունների բարելավումը:

Համազեկուցողները բարձր են գնահատել այն հասունությունը, որը դրսևորել են Հայաստանի քաղաքական ուժերն ու հայ ժողովուրդը խաղաղ հեղափոխության ընթացքը կառավարելու և դրան հաջորդած քաղաքական անցումը իրականացնելու հարցում: «Այդ անցումն ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերին կայացած ընտրություններով, որոնք բոլոր միջազգային դիտորդները և Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը, ում հետ մենք հանդիպել ենք, համարել են արդար և արդար»,- նշել են նրանք:

Նրանք հավելել են, որ Հայաստանում իրականացվելիք փոփոխությունները խորն են: «Եվրոպայի խորհուրդը և նրա խորհրդարանական վեհաժողովը հայ ժողովրդի և նրա ներկայացուցիչների տրամադրության տակ են՝ այդ փոփոխությունները նախապատրաստելու և կյանքի կոչելու հարցում»,- եզրափակել են համազեկուցողները:

Տեսանյութեր

Լրահոս