Իսրայելի բանակը նոր պատասխան հարվածներ է հասցրել Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը մարտի 26-ին նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման։ «Վերջին երկու ժամավա ընթացքում, ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման, Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները լրացուցիչ ահաբեկչական թիրախներ են խոցել Գազայի հատվածի հարավային մասում:
Տանկերն ու ուղղաթիռները նույնպես հարվածել են ՀԱՄԱՍ-ի մի քանի ռազմական պահակակետերի: Այդ հարվածները կատարվել են ի լրումն տասնյակ ուրիշների, որոնք հասցվել են վերջին 24 ժամավա ընթացքում»,- ասված է զինվորականների կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Պաղեստինցի արմատականները լույս մարտի 26-ի գիշերը, Երեւանի ժամանակով կեսգիշերից հրադադարի մասին հայտարարությունից հետո, շուրջ 30 հրթիռ են արձակել Իսրայելի հարավային շրջանների վրա, ավելի վաղ հայտնել է բանակային մամուլի ծառայությունը: Ի պատասխան իսրայելցի զինվորականները 15 ռազմական թիրախ են խոցել Գազայի հատվածում:
Դիմակայության հերթական սրացումն սկսվել է այն բանից հետո, երբ մարտի 25-ի վաղ առավոտյան Գազայի հատվածից արձակված հրթիռը բնակելի շենք խոցեց Իսրայելի կենտրոնական մասի Միշմերեթ մոշավում (գյուղական տիպի բնակավայր)՝ Թել Ավիվից հյուսիս ընկած շրջանում: Գրոհի հետեւանքով տուժել է յոթ իսրայելացի, ներառյալ երեխաներ:
Ի պատասխան մարտի 25-ի երեկոյան բանակն սկսեց հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ի դիրքերին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Գազայի հատվածում ստեղծված իրադրության պատճառով հարկադրված էր մարտի 25-ին ընդհատել այցը ԱՄՆ:
Իսրայելի ժամանակով լույս երեքշաբթի գիշերը Վաշինգտոնից մեկնելուց առաջ նա հայտարարել է, որ «Իսրայելն արդեն շատ ուժեղ պատասխան է տվել Գազայի հատվածից իրականացված հրթիռակոծումներին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: