ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Եվրոպային էներգետիկական օգնության առաջարկությանը
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների էներգետիկական անվտանգության եւ դրանց համար էներգապաշարների մատակարարումների աղբյուրների բազմազանեցման մասին՝ նրանց Ռուսաստանի ազդեցությունից ազատելու նպատակով։
Օրինագիծը, որը հակիրճ կոչվում է «2019 թվականի Եվրոպայի էներգետիկական անվտանգության եւ դիվերսիֆիկացման օրենք», ԱՄՆ-ին առաջարկում է օգնություն ցույց տալ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներին՝ նվազեցնելու համար դրանց կախվածությունն այն երկրների էներգետիկական պաշարներից, որոնք «էներգետիկական կախվածությունն» օգտագործում են «անօրինաչափ քաղաքական ազդեցության համար»:
Փաստաթղթում այդպիսի երկիր է նշվում Ռուսաստանի Դաշնությունը, որը, հեղինակների կարծիքով՝ «բնական գազն օգտագործում է այլ երկրների հարկադրման, ահաբեկման եւ դրանց վրա ազդեցություն գործելու նպատակով»:
Այժմ սույն օրինագիծը պետք է ընդունի Սենատը, իսկ դրանից հետո պետք Է ստորագրի նախագահը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: