Աննախադեպ. մեկուկես ամսում՝ 17 խոշոր բացահայտում ոստիկանության կողմից. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի ուսումնասիրություններն ուշագրավ արդյունքներ են ի հայտ բերել ոստիկանության բացահայտումների առումով: Մասնավորաբար, պարզվում է, որ միայն 2019 թ. փետրվարի սկզբից մինչեւ մարտի 21-ն ընկած ժամանակահատվածը ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել եւ լուսաբանվել է յուրացումների եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 17 դեպք: Սա աննախադեպ ցուցանիշ է:
Ուշագրավ է, որ դրանց մեջ զգալի տեղ են զբաղեցնում ՏԻՄ մարմիններում կամ դպրոցներում չարաշահման դեպքերը: Սակայն ամենախոշոր բացահայտումներից մեկը վերաբերում է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերին», որի տնօրինության կողմից չարաշահումներ եւ յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրված դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հափշտակվել է 47 միլիոն դրամի՝ 24 կմ հաղորդալար:
Չարաշահումներ են բացահայտվել Մարմաշեն, Օձուն, Մուսալեռ, Ուշի, Ջիլ, Շամլուղ համայնքների ղեկավարների եւ այլ պաշտոնատար անձնաց գործողություններում, Գյումրու շախմատի դպրոցում (մոտ 8 մլն դրամ), Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում», Գյումրու քաղաքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցում» (23 մլն դրամ), Շիրակի մարզի Ձորաշենի միջնակարգ դպրոցում (16 մլն դրամ) եւ այլն: Այս ժամանակաընթացքում բացահայտվածների շարքում են նաեւ ԵՊՀ-ում կատարված ապօրինությունները (27 մլն դրամ)»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: