
Telegram-ի օգտատերերը կկարողանան հեռացնել անձնական նամակագրությունն իրենց ու զրուցակիցների մոտ

Telegram մեսենջերը օգտատերերին թույլատրել է հեռացնել անձնական ամբողջ նամակագրությունն ինչպես իրենց, այնպես էլ զրուցակիցների մոտ՝ առանց վաղեմության ժամկետի: Այդ մասին մարտի 24-ին իր ալիքում հայտնել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը: «Այսօրվանից մենք բոլոր օգտատերերին թույլ կտանք ցանկացած հաղորդագրություն երկուստեք հեռացնել մասնավոր նամակագրության մեջ:
Նշանակություն չունի, թե ով եւ երբ է ուղարկել հաղորդագրությունը, դուք կարող եք ամբողջությամբ դա վերահսկել: Դուք նույնիսկ կարող եք ջնջել երկու կողմի ամբողջ խոսակցությունը, եթե ցանկանաք»,-գրել է Պավել Դուրովը:
Ավելի վաղ կարելի էր հեռացնել միայն սեփական հաղորդագրությունները, որոնք ուղարկվել էին վերջին 48 ժամվա ընթացքում:
Դուրովը նաեւ նշել է, որ մշակողները նկատի են առել նոր գործառույթի հնարավոր չարաշահումների եւ իրենց գրագրության անխաթարության հետ կապված օգտատերերի անհանգստությունը:
«Մենք մանրակրկիտ քննարկել ենք այդ խնդիրը, բայց կարծում ենք, որ թվային տարածքում իրենց հետքերի նկատմամբ հսկողության առավելությունն ավելի կարեւոր է»,-գրել է Դուրովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: