
Ֆրանսիան կրկին առավել մեծ ժողովրդականություն վայելող երկիրն է դարձել զբոսաշրջիկների շրջանում

Ֆրանսիան անցյալ տարի վերստին առավել մեծ ժողովրդականություն վայելող երկիրն է դարձել օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում՝ ընդունելով շուրջ 90 մլն հյուրերի: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում Ֆրանսիայի զբոսաշրջության զարգացման գործակալության ներկայացուցչոթյան ղեկավար Ինեսա Կորոտկովան:
«Ֆրանսիան 2018 թվականին պահպանել է արտասահմանցի զբոսաշրջիկների համար թիվ մեկ ուղղության կոչումը: Նախնական գնահատումներով՝ երկիր ժամանած հյուրերի ընդհանուր թիվը կազմել է 90 միլիոն, ինչը 3 միլիոնով ավելի է, քան մեկ տարի առաջ»,-ասել է նա զբոսաշրջության հարցերի մասնագետների համար Մարսելում կազմակերպված Rendez-vous en France խոշորագույն ցուցահանդեսի ընթացքում:
Փորձագետը հավելել է, որ, չնայած տարվա վերջին խոշոր քաղաքներում «դեղին բաճկոնավորների» ակցիաների պատճառով օտարերկրացիների հոսքի որոշ նվազմանը, Ֆրանսիային, միեւնույն է, հաջողվել է ավելացնել զբոսաշրջիկների հոսքը: «Ցույցերի պատճառով ամրագրումների թվի նվազումը փոխհատուցվել է առաջին կիսամյակում զբոսաշրջիկների թվի մեծ աճով»,-ընդգծել է Կորոտկովան: