Թերեզա Մեյին Բրյուսելում հարկ է եղել ընթրել ԵՄ-ի մյուս ղեկավարներից առանձին. The Daily Mai
ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում գագաթնաժողովի առաջին օրվա բանակցություններից հետո դժգոհ են մնացել այն բանից, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Brexit-ի շուրջ իրադրության կարգավորմանն ուղղված ոչ մի կոնկրետ ծրագիր չհրապարակեց: Այդ մասին գրել է The Daily Mail-ը:
Նրա տվյալներով՝ հինգշաբթի երեկոյան կայացած բանակցություններից հետո Մեյին նույնիսկ հարկ է եղել ընթրել մյուս ղեկավարներից առանձին, մինչ նրանք ընթրիքի սեղանի շուրջ ընդհանուր դիրքորոշում էին մշակում բրիտանական խնդրի նկատմամբ: Աղբյուրները պատմել են, որ ԵՄ-ի ղեկավարները նկատելիորեն զարմացած էին երեկ երեկոյան Մեյի մասնակցությամբ կայացած քննարկումներից, որոնք նրանք նկարագրել են որպես «90 րոպե՝ ոչ մի բանի մասին»:
Եվ երբ Թերեզա Մեյին հարցրել են, թե ինչ է նա անելու, եթե ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը վերստին մերժվի, նա, թվում էր, «խուսափում էր պատասխաններից, չուներ ոչ մի պլան եւ ինքն էլ շվարած էր երեւում»,-գրում է հրատարակությունը: Աղբյուրների խոսքով՝ ԵՄ-ի անդամ երկրների վարչապետներից մեկն ասել է, որ բանակցությունների արդյունքում «ակներեւ էր միայն մի բան, այն, որ ՄԵյը որեւիցե պլան չուներ»: Եվրոպացի ղեկավարները Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ չէին թաքցնում իրենց հոռետեսական տրամադրվածությունը:
ԵՄ-ի՝ անունը չնշված բարձրաստիճան ներկայացուցիչը Politico հրատարակությանը պատմել է, որ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետը դուրս եկավ բանակցությունների սենյակից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կտրուկ հայտարարություն արեց: «Նա ասաց, թե սկզբում կարծում էր, որ Համայնքների պալատի կողմից Մեյի գործարքին հավանության հնարավորությունը կազմումէ 10 տոկոս:
Հետո նա ավելացրեց. «Սակայն այն բանից հետո, երբ մենք լսեցինք նրան, կարծում եմ, որ այդ հավանականությունը կազմում է 5 տոկոս»,-պատմել է աղբյուրը Politico թերթին: Նրա խոսքով՝ դրան ի պատասխան Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է, որ նույնիսկ այդ գնահատականը «չափազանց լավատեսական է հնչում»: Մարտի 22-ին Մեյը Բրյուսելում ընդհատել է իր մասնակցությունը ԵՄ-ի գագաթնաժողովին, որպեսզի վերադառնա Լոնդոն եւ փորձի ապահովել խորհրդարանի գոնե եւս 76 անդամի աջակցությունը Brexit-ի շուրջ երրորդ քվեարկության համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը