«Կարծում եմ, որ իմ համեստ անձը և այս թեման հեռու է նման մասշտաբի քննարկումների արժանի առարկա լինելուց»
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոչ մի կերպ չէի ուզում անդրադառնալ այս աղմուկին, բայց այն դեռ առավոտից ինձ խանգարում է նորմալ իրականացնել աշխատանքային պարտականություններս։ Ուստի, խնդրում եմ ընդունել ի գիտություն․
• Նախարար Տիգրան Խաչատրյանից ստանալով նախկին աշխատանքիս վերադառնալու առաջարկը՝ սառեցրել եմ անդամակցությունս Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, քանի որ, այո՛, քաղաքական և մասնագիտական առումով դա կոռեկտ չէր լինի։
• Երիտասարդական քաղաքական ակտիվ շրջանում որևէ մեկին հանրայնորեն չեմ վիրավորել, մշտապես մնացել եմ քաղաքական կիրթ բանավեճի սահմաններում։ Այժմ էլ ինձ ուղղված վիրավորանքներին չեմ անդրադառնալու։
• Թեև իմ վերադասը համարում է, որ պատշաճ իրականացնում եմ աշխատանքային պարտականություններս, այնուամենայնիվ, մեր գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչությունը բաց է ցանկացած առաջարկի առաջ՝ բարելավելու հանրության հետ կապը, ՏԶՆՆ գործունեության լուսաբանումը։
• Եվ վերջապես, կարծում եմ, որ իմ համեստ անձը և այս թեման հեռու է նման մասշտաբի քննարկումների արժանի առարկա լինելուց»։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Գայանե Աբրահամյանը նախարար Տիգրան Խաչատրյանին հարց էր ուղղել, թե «ՀՀԿ-ին ծառայած մամուլի խոսնակը ազնվորեն կարո՞ղ է ներկայացնել Ձեր աշխատանքը»
Հարգելի ընկերներ ու գործընկերներՈչ մի կերպ չէի ուզում անդրադառնալ այս աղմուկին, բայց այն դեռ առավոտից ինձ խանգարում է…
Gepostet von Anna Ohanyan am Freitag, 22. März 2019