Դավիթ Անանյանի կարծիքով՝ նոր սերնդի ՀԴՄ-ների օգտագործումը խթանելու է անկանխիկ առևտրի աճը
Նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները լայն հնարավորություններ են ստեղծելու: ՊԵԿ նախագահը կարևորում է հատկապես դրանց միջոցով քարտային առևտուր անելու հնարավորությունը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց նոր սերնդի ՀԴՄ-ների առավելությունները:
«Նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը շատ կարևորում ենք, քանի որ այն լայն հնարավորություններ է տալիս վերլուծական գործիքակազմի կիրառման համար: Հին սերնդի դրամարկղային մեքենաները ցանցային կապուղով մեզ հետ կապված չեն եղել, և դրա շրջանառությունների վերաբերյալ տեղեկատվությունը թղթային եղանակով է ներկայացվել հարկային մարմնին: Շատ դեպքերում դրանց վերլուծական առումով բավականին բարդություններ են առաջացրել, իսկ նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը բացառում է թղթային եղանակով տեղեկատվության ներկայացումը: Բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաները ցանցային կապով կապված են մեր սերվերի հետ: Դա վարչարարության տեսանկյունից շատ կարևոր գործիք է: Նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենան ոչ միայն կտրոն տրամադրելու համար է, այլ ունի մեծ ֆունկցիոնալություն: Այն հնարավորություն ունի հարկային հաշիվ դուրս գրելու, այլ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու: Դրանով նաև հնարավոր է քարտային առևտուր կատարել»,-ասաց Անանյանը:
Նրա խոսքով՝ ԿԲ-ի հետ պլաններ ունեն, որ նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառմամբ կանխիկ առևտուրը փոխարինեն անկանխիկով: