Ատոմ Ջանջուղազյանի կարծիքով՝ տնտեսական աճի համար ավելի համեստ ցուցանիշ են կանխատեսել, քան իրականում կլինի
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կարծիքով՝ պետական բյուջեով նախանշված տնտեսական աճի 4.9 տոկոսն ավելի ցածր ցուցանիշ է, քան իրականում կարձանագրվի: Ջանջուղազյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
Լրագրողը դիտարկում արեց՝ Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2019-ին կանխատեսել է ավելի ցածր տնտեսական աճ՝ 4.3 տոկոս:
«Համաշխարհային բանկը 4.3 տոկոս աճ է արձանագրել, մեր կանխատեսումը մոտ 4.9 տոկոս է, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը մոտ 4.5 տոկոս է: Դրանք իրարից շատ տարբերվող չեն: Մեր կարծիքով՝ իրենք պահպանողական կողմն են վերցրել: Գործնականում կիրառվում է նույն մեթոդաբանությունը և նույն մոդելները, որոնք տալիս են այդ կանխատեսումային ցուցանիշները։ Ուղղակի ենթադրությունների մեջ լինում են տարբերություններ»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ իրենց կանխատեսումն այն է, որ այն, ինչ նշել են որպես տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշ, պիտի որ ավելի համեստ լինի, քան իրականում սպասվում է: «Իրականությունը պետք է լինի անհամեմատ ավելի, քան կանխատեսված ցուցանիշը»,-եզրափակեց նախարարը: