Բաժիններ՝

«Հնարավոր չէ ունենալ կարգավորում, որ կբավարարի բոլորին». Ատոմ Ջանջուղազյան

Կառավարությունում ևս մեկ անգամ քննարկում են գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի փոփոխման մասին նախագիծը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Քանի դեռ քննարկումներն ավարտված չեն, ապա ասել, թե ինչ է սպասվում, ոչ թե կանխատեսում, այլ գուշակություն կլինի»,- ասաց նա:

Ըստ Ջանջուղազյանի՝ հնչող քննադատությունները շատ նորմալ են, քանի որ նախագիծն առնչվում է բազմաթիվ մարդկանց: Նա նշեց, որ խնդիրն այն է, որ կառավարությունն տնտեսության աճի բանալին տեսնում է ուղղակի հարկերի բեռը նվազեցնելու մեջ, իսկ դա կարճաժամկետ հատվածում ռիսկ է պարունակում, որ պակաս եկամուտներ կհավաքագրվեն, բայց դրա պատճառով ծախսերը նվազեցնել հնարավոր չէ. «Շեշտադրումը պետք է տեղափոխենք կապիտալի և եկամտի հարկումից սպառման հարկերին, իսկ սպառման հարկերի մեջ դիտարկել ենք բոլոր հարկերը: Նպատակահարմար է գտնվել ձեռնպահ մնալ հիմնական եկամտի աղբյուր հանդիսացող ԱԱՀ-ին ձեռք տալուց, որովհետև մեր երկրի մրցունակության տեսանկյունից դա ռիսկային է համարվել, և ճանապարհը մնացել է ոչ այդքան շատ մեծ՝ սպառման հարկերի մեջ ակցիզային հարկերն ու գործունեության առանձին տեսակներ, որոնց հարկային բեռը կարելի է վերանայել»:

Ա.Ջանջուղազյանի խոսքով՝ հնարավոր չէ ունենալ կարգավորում, որ կբավարարի բոլորին: Նա նշեց, որ ակնկալվում է՝ այս փոփոխության արդյունքում մոտ 2 մլրդ ավելի մուտք կլինի պետբյուջե:

Անդրադառնալով ՀԲ-ի կանխատեսմանը, որ այս տարի Հայաստանի ՀՆԱ-ն 4.3% է լինելու, նախարարը նշեց, որ իրենց կանխատեսումը 4.9% է, իսկ ԱՄՀ-ի կանխատեսումը մոտ 4.6% է, և տարբերությունը մեծ չէ. «Մեր կարծիքով՝ իրենք պահպանողական կողմն են վերցրել, ընդ որում՝ գործնականում նույն մեթոդաբանությունն են վերցրել, ուղղակի ենթադրությունների մեջ են որոշակի տարբերություններ լինում: Մեր կանխատեսումն այն է, որ սպասվող աճն իրականում ավելի պետք է լինի, քան կանխատեսված մեծությունը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս