ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստան կժամանի մարտի 25-ին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Վրաստան կժամանի երկուշաբթի օրը՝ մարտի 25-ին: Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Facebook-ում ուղիղ հեռարձակման ընթացքում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը: «Այդ այցը եւս մեկ ակնհայտ հաստատումն է այն բանի, որ Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները նախկինում երբեք այսչափ բարձր մակարդակի վրա չեն եղել»,-ընդգծել է վարչապետը:
Բախտաձեն չի ճշտել. սակայն, ինչպես սպասվում է, Ստոլտենբերգը ներկա կլինի «ՆԱՏՕ-Վրաստան» հրամանատարաշտաբային զորավարժություններին:
Վարժանքները, որոնք մեկնարկել են մարտի 18-ին, անցկացվում են Համատեղ վարժական ու գնահատման կենտրոնում (JFTC)՝ Թբիլիսի մերձակա «Կրծանիսի» Զորավարժությունների եւ ռազմական կրթության աջակցության կենտրոնի տարածքում: Դրանք կավարտվեն մարտի 29-ին: Վարժանքներին 350-ից ավելի զինծառայողներ են մասնակցում ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրներից: