«Հայֆիլմ»-ի տարածքը վարձակալությամբ կտրվի «Կինոկետ Փրոդաքշնս»-ին
Կառավարությունը քննարկեց «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքը «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրամադրելուն հավանություն տալու մասին որոշման նախագիծը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք վարձակալի պարտավորությունները շատ հստակ գրված են:
«Այսինքն՝ պետք է կինոգործունեություն ծավալվի, չի կարող տարածքը որևէ այլ նպատակով օգտագործել: Եթե մենք ասում ենք մինչև հինգ տարվա ընթացքում պետք է կատարի ներդրում, ենթադրենք, չորս տարի, յոթ ամիս որևէ ներդրում չկատարելը նշանակում է, որ ինքը պայմանագիրը չի խախտել։ Կարծում եմ՝ եթե ներդրման մտադրությունը լուրջ է, որևէ խնդիր չկա»,- ասաց նա՝ առաջարկելով հստակ ժամկետներ նշել փաստաթղթում:!
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կազմակերպությունն ինքը պետք է շահագրգռված լինի, որ ներդրումային ծրագիրը հնարավորինս արագ իրականացնի:
Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն էլ նշեց, որ ժամանակացույցը կա, թե երբ ինչ ներդրում պետք է արվի:
«Հայֆիլմ» ՓԲԸ-ն և կինոստուդիան միավորելու նախագիծ կա, որի արդյունքում կտնտեսվեն միջոցներ, որի արդյունքում նույնպես հնարավոր կլինի բարեկարգումներ արել: Այս երկու նախագծերն իրար փոխլրացնելով կարող են այդ տարածքը դարձնել կինոարտադրության համար գրավիչ միջավայր»,- ասաց նա:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդգծեց, որ «Հայֆիլմ»-ի շահերից է բխում, որ իր տարածքները բարեկարգվեն: «Պայմանագիրը կցված չէ որոշմանը, քանի որ կարիքը չկար և, անկեղծ ասած, այս որոշման կարիքն էլ չկար»,- ասաց Ավինյանը:
«Եթե կարիքը չկար, ինչո՞ւ եք բերել նիստի»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը: Տ
իգրան Ավինյանը նշեց, որ այն ներկայացվել է կառավարության նիստին, որպեսզի նմանատիպ նախաձեռնողականությունը խրախուսելի լինի այլ ընկերությունների համար:
Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն էլ ասաց, թե այս նախագիծը պնդել են, որ ներկայացվի, քանի որ «Հայֆիլմ» ՓԲԸ-ն մասնավորեցման ցանկում է գտնվում։ «Ուղղակի նպատակահարմար գտանք, որ կառավարությունը քննարկի»,-ասաց նա, սակայն վարչապետն ընդհատեց նրան:
«Պարո՛ն Բաբայան, կներեք, ինչ-որ ասվեց, պարզ էր, չէ՞: Դադարեցրե՛ք քննարկումը, կգնաք ու կիրականացնեք այն, ինչ ասվեց: Դա վերաբերում է ոչ միայն ձեզ, այլև բոլոր ներկաներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: