«Վարչապետը դա ասել էր՝ որպես խմբագի՞ր, և որպես օդում կախված լո՞ւր, թե՞ որպես երկրի ղեկավար…». Կարեն Քոչարյան
«Ինձ համար բացահայտում էր, որ, բացի իր շրջապատից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարդում է նաև որոշ վերլուծաբանների, լրագրողների նյութերն ու եզրակացություններ անում, սակայն անհասկանալի ու անընդունելի է մեր լրատվամիջոցների սիրած թեման, թե ինչո՞ւ է վարչապետը կնոջն այստեղ-այնտեղ տանում, առավել ևս անհասկանալի է, թե իրենք ինչո՞ւ են արդարանում դրա համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Վարչապետը վերջին ասուլիսի ժամանակ նշեց, որ ոչ մի ոլորտից, բացի մեկը, որի մասին դուք գիտեք, ձախողում է եղել: Օրինակ, ես չգիտեմ՝ որ ոլորտի մասին է խոսքը: Նա պետք է հստակեցներ: Ավելին, ինձ հետաքրքրում են ձեռքբերումները, ոչ թե ձախողումները: Ցավոք, հարց չուղղվեց, թե Իրանի նման երկրում ՀՀ-ում բազմաթիվ օտարերկրյա գործակալների մասին որ վարչապետը խոսել էր, դա ասել էր՝ որպես խմբագի՞ր, և որպես օդում կախված լո՞ւր, թե՞ որպես երկրի ղեկավար, ով, իմանալով վխտացող օտարերկրյա գործակալների մասին, որևէ իրավական գործողություն չի սկսել:
Չհնչեց հարց նաև «Լիդիան Արմենիայի» վերաբերյալ: ԱՄՆ նախկին դեսպան Միլսը վերջին ելույթում հայտարարեց, որ մինչև «Լիդիան Արմենիայի» հարցը չլուծվի՝ ԱՄՆ-ից որևէ ներդրումային ծրագիր չի իրականացվելու Հայաստանում: 11 ամսում կարող էին ուսումնասիրել ու որոշել՝ այդ ծրագիրը վնաս տալի՞ս է ՀՀ բնապահպանությանը, հատկապես Սևանին, թե՞ ոչ: Եթե տալիս է՝ ասում ենք՝ հաջողություն, գնացե՛ք, որտեղ ուզում եք՝ ձեր ծրագրերն իրականացրեք, եթե չի տալիս, բացեք՝ այդ մարդիկ աշխատեն»,- հավելեց քաղտեխնոլոգը:
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը շարունակելով Կարեն Քոչարյանի խոսքը՝ նշեց.
«Բա որ քո անվտանգությունն առավոտից իրիկուն զբաղվի ընդդիմադիրներով, Հայաստանը լրտեսներով պետք է լցվի, բա ի՞նչ պետք է անի: Հետո այն քո ասած հպարտ ու կիսահպարտ քաղաքացիների քթից է գալու: Դու նաև ինչպե՞ս ես համարձակվում սորոսականներով լցնել կառավարությունը: Սորոսն Ալիև ավագի լավագույն ընկերն է եղել 20-25 տարի, հատուկ գնացել է Բաքու, որ ճաշի Ալիևի հետ, իսկ այսօր ինքնաթիռը նստում ու գալիս է որդի Ալիևի մոտ: Սորոսը կործանեց Սիրիան, Իրաքը, ուղիղ խողովակներով Իսրայելից Ադրբեջան դրոններ են մատակարարում»:
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ