«Ալիևը գուցե ընդօրինակում է Փաշինյանին, ազդվել է ու սկսել սելֆիներ անել». Նարինե Դիլբարյան

«Մենք անվտանգության մի շարք մարտահրավերներ ունենք։ Օրինակ, եթե Ադրբեջանի միջին կարգի պաշտոնյա հարցազրույց տա ու ասի, որ Փաշինյանը Զանգեզուրախառը սաղ ծախել ա, հարցը լուծված ա, ոչ ոք չի հարցնի, այլ մեծ աղմուկ կբարձրանա։ Սա մեր անվտանգությանը լուրջ մարտահրավեր է։ Ոչ մի իշխանություն Ղարաբաղի հարցում այսքան թափանցիկ չի եղել, որքան մենք, իսկ Ալիևի հետ երկխոսությունը շատ դրական եմ համարում (այն երկխոսությունը, որը լինելու է»,- անվտանգության մարտահրավերների մասին խոսելով՝ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտարարել էր, որ խաղաղության պատրաստելու հարցում ասելիք ունի Ադրբեջանի հանրությանը. «Ես, օրինակ՝ Ղարաբաղի հետ կապված յութուբյան քննարկումների մեջ տեսնում եմ մի բան. հայերի և ադրբեջանցիների միջև հայհոյանքների մի անասելի տարափ։ Ժամանակը չի՞, որ հասկանան, որ հայհոյանքից բացի, որևէ բան ունենք ասելու իրար, և շատ կուզենայի, որ սոցիալական ցանցերում հասկանային, ուրիշ բան ունենք իրար ասելու։ Ես ուղղակի բարձրաձայն  մտածում եմ այդ թեմայով»։

Լեզվաբան, քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վարչապետի հայտարարություններին՝ ասաց, որ այն հետաքրքիր ձևակերպում էր:

«Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև հնարավոր երկխոսության ծավալումը շատ լավ  հեռանկար կարող էր տալ: Հայերը հայհոյելուց բավականին հեռու են, մենք հաղթահարել ենք թշնամու հանդեպ ունեցած այդ տաբուները, լավ կլիներ, որ Ադրբեջանում էլ այդպես անեին: Գուցե այս էտապում անիրական է թվում, սակայն կարծում եմ, որ գալու է ժամանակը, երբ Ադրբեջանի նախագահը մտահոգվելու է: Ալիևն օրերս անգամ դուրս է եկել զբոսնելու, շփվելու ժողովրդի հետ, գուցե այս առումով ընդօրինակում է Նիկոլ Փաշինյանին, ազդվել է ու սկսել սելֆիներ անել, կամ որոշել է, որ դա 21-րդ դարի ոճն է: Լավ կլիներ, որ ընդօրինակեր նաև դա և փորձեր մեզ ինչ-որ ուղերձներ հղել: Երկխոսությունը պարտադիր է, ուստի հուսով եմ, որ Ալիևն էլ կմտածի, թե իսկապես ի՞նչ կարող է ասել հայ ժողովրդին: Այդ ուղերձներից հետո կարելի էր հասկանալ, թե այդ մարդու տրամաբանությունը, բացի պատերազմից ու միագիծ անմիտ պնդումներից, ուրիշ ի՞նչ միտք կարող էր ձևակերպել»,- նշեց Նարինե Դիլբարյանը:

«Ինչ վերաբերում է տնտեսական բլոկին, ապա մեծ մասը սպասումների մակարդակի են, և եթե ներդրումային ծրագրերն իրականանան, մենաշնորհների դեմ պայքարը ամրակայվի, ապա դրական քայլերը երաշխավորված կլինեն: Ասեմ նաև, որ ասուլիսը բացարձակ անկեղծ էր, ու գուցե դա էլ Փաշինյանին շատ խոցելի դարձրեց: Նա խոսեց ուղղաթիռի մասին՝ հայտնելով, որ այն պարտադիր թռիչքներ է իրականացնում, ինչո՞ւ չպետք է իր կնոջն ու երեխաներին էլ տանի, այստեղ ես ամենայն անկեղծությամբ ուզում եմ ասել՝ եթե այդ թռիչքները պարտադիր են, շատերի երեխաներն Արցախում են ծառայում, եկեք այնպես անենք, որ նրանց մայրերը նույնպես թռչեն այդ ուղղաթիռով»,- հավելեց Նարինե Դիլբարյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս