«Մարտի են դուրս եկել աբիժնիկները». Արամ Հարությանյանն անուններ է հնչեցնում

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությանյանն ասում է՝ վերջերս թարմացրել է հիշողությունը և պարզել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգևոր հայրերը ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վանո Սիրադեղյանն են, այլև «ավելի շուտ Աշոտ Բլեյանն է»:

«Փաշինյանը ժամանակին եղել է «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանի շտաբի պետը՝ 1998 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Ընդ որում, մենք գիտենք Բլեյանի մոտեցումները՝ Արցախի հարցի հետ կապված: Նա պատերազմի ժամանակ այցելեց Բաքու: Երևանի բոլոր աղբարկղերի վրա գրված էր՝ «Աշոտ Բլեյան»: Նա ժողովուրդներին փորձում էր նախապատրաստել խաղաղության: Այսօրվա նոր ուղին չի տարբերվում Բլեյանի կոնցեպցիայից, իսկ վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասաց, որ ասելիք ունի Ադրբեջանի ժողովրդին: Ժամանակը ցույց կտա, թե որքան ոչ հայանպաստ մարտավարություն է ընտրել Նիկոլ Փաշինյանը: Խնդիրն այն է, որ տուժելու ենք մենք և Արցախը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Հարությանյանը:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ին՝ Արամ Հարությանյանը նշեց. «Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 10 զոհերի սպանության գործը փակված է: Երբ հայտարարում է, թե պարկուճները փոխվել են, եթե այդպես է, կարող է՝ դրանք տարել ու գցել են Հրազդանի ձորը: Այսինքն, երբևէ հնարավոր չի՞ լինի պարզել, թե ովքեր են եղել կրակողները: Այստեղ կարևոր է նաև այն, որ մարտի են դուրս եկել «աբիժնիկները», նրանք են՝ Վահան Շիրխանյանը, Անդրանիկ Քոչարյանը և Գագիկ Ջհանգիրյանը: Ջհանգիրյանը, ի դեպ, ընտրակեղծարարների Ջեֆերսոնն է, կնքահայրն ինքն է: ՀՀ-ում ամենաուժեղ կեղծիքները սկսվել են 1995 թվականից: Ինչ վերաբերում է Շիրխանյանին, ապա ասում են՝ երբ տարել են ռազմաճակատ ուղարկելու համար նախատեսված գումարները, դրել է գրպանն ու ասել՝ գրպանս կասսա է, էլ ինչի՞ է պետք կասսան: Համոզված եմ՝ Մարտի 1-ի ապացուցողական բազան լրիվ փոխվելու է: Բախումը եղել է ոստիկանների ու ցուցարարների միջև, բայց իրենց մտքում միայն բանակն է, որ ցույց տան՝ եղել է գործի մեջ»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս