Բաժիններ՝

Ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 34-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի՝ 36-ամյա բնակչին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հ.Էմին փողոցի տներից մեկի բակից «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 1984թ. ծնված Ս.Բարսեղյանը՝ կտրած-ծակած վնասվածքներով, ով վիրահատության ընթացքում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1982 թվականին:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ս.Բարսեղյանը մահացու վնասվածքներն ստացել է ավտոմեքենայի ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ:

Մասնավորապես՝ դեպքի օրը՝ 2018թ. նոյեմբերի 9-ին, վիճաբանություն է առաջացել տուժողի ընկերոջ, ով իր անձնական օգտագործման ավտոմեքենայով, մասնավոր հիմունքներով իրականացրել է ավտոդասընթացներ, և մեկ այլ վարորդի միջև:

Պարզաբանումներ կատարելու նպատակով վիճաբանող կողմերը պայմանավորվել են հանդիպել, ինչին մասնակցել են նաև նրանց ընկերները: Հանդիպումն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, որի ժամանակ էլ մասնավոր ավտոդասընթացներ իրականացնող տղամարդու ընկերը դանակով հարվածներ է հասցրել Ս.Բարսեղյանին՝ պատճառելով «2-րդ կողաճառի, մեծ ճարպոնի, գոտկամկանի վնասումներով ձախից՝ կրծքավանդակի, որովայնի, գոտկային շրջանների ծակած-կտրած, թափանցող, արնահոսող վերքերի ձևով», առողջության համար ծանր վնասի հատկանիշներ պարունակող, կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս