Վրաստանի իշխանություններն ավելի քան 2,5 մլրդ դոլար կկատկացնեն դպրոցների կառուցմանն ու նորոգմանը
Առաջիկա 5-6 տարիներին Վրաստանի կառավարությունը մոտավորապես յոթ միլիարդ լարի (ավելի քան 2,6 մլրդ դոլար) կհատկացնի դպրոցների վերանորոգման եւ կառուցման համար: Այդ մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է Facebook սոցցանցում ուղիղ եթերի ժամանակ:
Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը հատուկ ուշադրություն կհատկացնի դպրոցներին, քանի որ դա ամեն մի երկրի կրթական համակարգի հաջողության գրավականն է:
«Մեր նպատակն է, որ առաջիկա տարիներին յոթ միլիարդ հատկացվի նոր դպրոցների կառուցման, արդեն գոյություն ունեցողների նորոգման համար… Համապատասխանաբար՝ մենք կունենանք դասարաններ, որոնք համալրված կլինեն 13-15 աշակերտով, առանձին դեպքերում կարող են փոքր-ինչ ավելի լինել: Դա այն ստանդարտն է, որը լավագույնն է համարվում, եւ առաջիկա 5-6 տարվա ընթացքում մենք այդ խնդիրը կլուծենք Վրաստանի մասշտաբներով»,-հայտարարել է Բախտաձեն:
Ներկայում Վրաստանում գործում են 2,3 հազարից ավելի պետական ու մասնավոր դպրոցներ, հաղորդել է Sputnik-ը: