Բաժիններ՝

«Ես ուզում եմ հասկանամ՝ սենց բան հնարավոր ա՞ 21-րդ դարում Հայաստանում, որ մարդիկ՝ պետական համակարգի աշխատողներ 3 ամիս աշխատավարձ չստանան». Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստում մինչ օրակարգին անդրադառնալը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նամակ է ստացել, ըստ որի՝ «Արմատ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդեն երեք ամիս է, ինչ վարձատրություն չեն ստացել:

«Ես ուզում եմ հասկանամ՝ սենց բան հնարավոր ա՞ 21-րդ դարում Հայաստանում, որ մարդիկ՝ պետական համակարգի աշխատողներ 3 ամիս աշխատավարձ չստանան»,- հարցադրում արեց Ն.Փաշինյանը:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ անցած տարիներին «Արմատ» լաբորատորիաների ծրագրերը ֆինանսավորվել են դրամաշնորհով, այս տարի մրցութային ֆինանսավորում պետք է լինի, ծրագրի իրականացնողները սրա հետ կապված առարկել են, իրենք բանակցել են, նախագիծ են պատարստել, որը վաղը կոմիտեի նիստին կքննարկվի և հաջորդ շաբաթ կընդունվի:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հստակեցրեց, որ խոսքը պետական աշխատողներին չի վերաբերում, այլ ՀԿ-ի կողմից կազմակերպվող ծառայության դիմաց վճարներին:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ բյուջեի հավելվածում կա առանձին հավելված, որ այս կամ այն կազմակերպության բացառիկ ծառայության դիմաց առանց մրցույթի ֆինանսավորման համար պետք է որոշում կայացնել, եթե դա իսկապես բացառիկ ծառայություն է:

«Պարոն Ջանջուղազյան, էս ամեն ինչը պարզ ա, եթե պետական բյուջեում էդ փողը կա, այսինքն՝ պետությունը կարևորել է այդ ծառայության մատուցումը, հիմա երեք ամիս ա, էդ ծառայությունը մատուցվել ա, մարդիկ իրենց վճարը չեն ստացել: Սա աննորմալ երևույթ ա: Հիմա կարող ենք անունը դնել մրցույց, բայց ո՞նց կարա սենց բան լինի, ո՞նց են հնարավոր դառնում սենց երևույթները»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հարցադրում անելով, եթե ֆինանսավորման ձևը փոխել են, որ ավելի լավ լինի, ինչո՞ւ է ավելի վատ, ինչո՞ւ չի եղել մրցույթը:

Ա.Հարությունյանը նշեց, որ կազմակերպիչը դպրոցներում դասասենյակը կահավորել է, պետությունը վճարել է խմբակավարների վճարը, և երբ պետք է մրցույթ լիներ, կազմակերպիչը բողոքել է, որ գույքն իրենն է, ԿԳՆ-ն համաձայնել է. «Այսինքն՝ գույքն իրենցն է, եթե իրենք չշահեն, ծրագիրը չի իրականացվելու: Մրցույթի ձևն առաջարկում ենք փոխել ուղիղ դրամաշնորհայինի»:

Վարչապետը տարակուսեց, թե այն ժամանակ ինչո՞ւ են նման որոշում ընդունել:

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ բավարար ժամանակ չի եղել քննարկումների համար, դրա համար որոշակի ռիսկեր են առաջացել: Նրա խոսքով՝ այն ժամանակ իրենք բարձրացրել են նաև Գյումրու և Վանաձորի տեխնոպարկերի հարցը, այլապես նույն խնդիրն այնտեղ կունենային, բայց հաջորդ եռամսյակում դա ի հայտ կգա: Հ.Արշակյանի խոսքով՝ եթե կազմակերպիչը որևէ բան է ստեղծել, դրա ղեկավարումը մրցույթով կազմակերպելը գրեթե անհնարին բան է:

Ջանջուղազյանը հակադարձեց, որ հապճեպ ոչինչ չի արվել, նախագիծը շրջանառվել է կոմիտեներում, բայց այժմ կարելի է որոշում ընդունել և հարցը լուծել:

Ըստ նրա՝ Գյումրին և Վանաձորն այլ դեպք է. «Չկա այնպիսի խնդիր, որ կապված լինի բյուջեում ֆինանսական միջոցների անբավարարության հետ: Բյուջեում ավելի քան բավարար միջոցներ կան` սահմանված կարգով ստանձնած բոլոր պարտավորությունները այս ժամանակահատվածի համար ֆինանսավորելու նպատակով»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց հարցը՝ որպես լրացուցիչ հարց, ընդգրկել այսօրվա օրակարգում, որպեսզի մեկ շաբաթ էլ չհետաձգվի խնդիրը:

«Որպեսզի մի հատ էլ էլի չքննարկված որոշում կայացնենք, չէ՞, հետո պարզվի դրա մեջ էլի մի կետ ա եղել, որը մի հատ ուրիշ տեղ մի հատ ուրիշ պրոբլեմ ա ստեղծում: Ո՛չ, երեք ամիս ժամանակ ա անցել, պետք էր ժամանակին էդ որոշումները կայացնել, քննարկել և ընթացք տալ: Եվ ամեն ինչ վերջին րոպեին անելու սովորությունից էլ պետք է հրաժարվել, պետք է հստակ իմանալ՝ ինչ աշխատանք է պլանավորվում, ինչ ա պետք անել առաջիկա մեկ, երկու, երեք ամսվա մեջ և տենց գնալ առաջ, ոչ թե ասենք՝ վարչապետը նամակ ստանա, գա ասի՝ էս ինչ ա, ասեք՝ լավ, բերեք էն որոշումը սեղանի ոտքի տակից հանեք, բերեք, դրեք նիստում քննարկենք,- հակադարձեց Ն.Փաշինյանը և հավելեց,- Քննարկեք, ժամանակին կայացրեք, և ուրիշ որևէ գերատեսչության հետ կապված էսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես: Պլանավորեք, բոլոր գործերը արեք ժամանակին, ոչ թե վերջին պահին եկեք, լավ, որ սենց աղմուկ բարձրացավ, կայացնենք էդ որոշումը: Էդ աղմուկը համարեք միշտ բարձրացած է»:

Տ.Ավինյանը նշեց, թե նոր է իմանում խնդրի մասին, առաջարկում է, եթե կարող են, այսօր անել որոշումը:

«Եթե կարող էինք, ինչո՞ւ չենք արել: Մեկը թող բացատրի՝ ինչու չենք արել, հետո հասկանանք, թե ինչի հիմա անենք»,- ասաց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս