Էդուարդ Աղաջանյանի ընտանիքն էլ չի կատարում վարչապետի հրահանգները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող «Զիգզագ» ընկերությունը, փաստորեն, չի կատարում վարչապետի հրահանգը՝ ՀԴՄ կտրոններ տպելու հետ կապված։
Պետեկամուտների կոմիտեի խոշոր եւ միջին հարկատուների վարչությունը երեկ՝ մարտի 19-ին տուգանել է «Զիգզագին»՝ ՀԴՄ չխփելու համար եւ որոշել է 5 օրով կասեցնել նրա գործունեությունը՝ ապրիլի 4-ից մինչեւ ապրիլի 8-ը։ Ի դեպ, «Զիգզագը» կարող է խույս տալ փակվելուց՝ որոշակի տուգանք վճարելով։
Դավադրությունների տեսության սիրահարները հնարավոր է սրանում տեսնեն ՊԵԿ-աշխատակազմի ղեկավար հակադրության դրսեւորման փաստ, բայց մենք կարծում ենք, որ պետք չէ այդքան հեռու գնալ՝ ուղղակի ՊԵԿ-ը փորձում է վարչապետի հրահանգներին հավատարիմ մնալ եւ բացահայտել իրական եկամուտը թաքցնողներին։ Պարզապես, տարօրինակ է, որ այդ ցանկում է հայտնվել նաեւ «Զիգզագը», որը խոշոր հարկատուներից է եւ անմիջականորեն կապված է կառավարության անդամներից մեկի ընտանիքի հետ։
Ի դեպ, դեռեւս դեկտեմբերին Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Սա արդեն որերորդ դեպքն է, երբ «Նուռ» մրգի-բանջարեղենի խանութների ցանցում ՀԴՄ կտրոն չեն տրամադրում: Երբ պահանջում ես կտրոնը, դժգոհ հայացքով, չուզելով տալիս են: Կոչ եմ անում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ստուգումներ իրականացնել այս ցանցում»։
Այս գրառումը պատճառ էր դարձել, որ ՊԵԿ-ը մտնի միրգ- բանջարեղենի այդ փոքրիկ խանութը եւ ակտ գրի, որի արդյունքում խանութը 300 հազար դրամի տուգանք վճարեց։ Փաստորեն, պետք է խնդրենք, որ Աղաջանյանը երբեմն էլ առեւտուր անի իրենց սեփական խանութից եւ իր պահանջկոտությունը դրսեւորի ոչ միայն ուրիշ փոքրիկ խանութների, այլ սեփական խոշոր հարկատու խանութի նկատմամբ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: