Facebook-ը կդադարեցնի գովազդային հայտարարությունների տարբերակումը
Facebook-ն իրեն պատկանող համանուն սոցիալական ցանցում կդադարեցնի գովազդային հայտարարությունների տարբերակումը՝ կախված օգտատերերի սեռից, տարիքից եւ բնակության վայրից: Այս մասին ասված է մարտի 19-ին ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Դրանում նշված է, որ դա վերաբերում է, մասնավորապես, Facebook-ում զետեղված՝ բնակարանի, վարկերի գովազդին, ինչպես նաեւ աշխատանքի ընդունման վերաբերյալ հայտարարություններին: Ընկերությունը համաձայնել է դիմել այդ միջոցներին այն պատճառով, որ ավելի վաղ նրա դեմ դատական հայցեր էին հարուցել մի քանի հասարակական կազմակերպություններ: Դրանց թվում է Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը, որն այդ տիպի առավել ազդեցիկ միավորումներից մեկն է ԱՄՆ-ում:
Հայցվորները հայտարարել են, որ Facebook-ը խտրականության է ենթարկում մարդկանց, եթե, օրինակ, տների կամ բնակարանների վաճառքի կամ վարձակալության մասին հայտարարությունները ցույց չի տալիս այն օգտատերերին, որոնց գովազդատուներն ինչ-որ պատճառներով կարող են անցանկալի կենվորներ համարել:
Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունում այս առնչությամբ հայտարարել են, որ «գովազդատուներն այլեւս չեն կարող օգտատերերին սահմանափակել այն տեղեկատվության ստացման հարցում, որը վերաբերում է բնակարանին, աշխատանքի տեղավորմանը կամ վարկի ստացմանը՝ սեռի, տարիքի կամ էլ այլ բնութագրերի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: