SIRIUS-ի անձնակազմը մեկուսացման պայմաններում ձեռնամուխ եղավ 4-ամսյա գիտափորձի իրականացմանը
Վեց մարդուց բաղկացած միջազգային անձնակազմը մտել է SIRIUS Վերգետնյա փորձարարական կորպուս, որտեղ կանցկացնի հաջորդ 120 օրերը: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է իրադարձությունների վայրից:
Հանձնաժողովի որոշման համաձայն, դրա կազմում ընդգրկված են Ռուսաստանի՝ չորս եւ ԱՄՆ-ի՝ երկու ներկայացուցիչներ: Հրամանատար է հաստատվել ռուս տիեզերագնաց Եվգենի Տարելկինը, բորտինժեներ՝ Դարյա Ժիդովան (Ռուսաստան), բժիշկ՝ Ստեֆանյա Ֆեդյայը (Ռուսաստան), փորձարկիչ-հետազոտողներ՝ Ռեյնհոլդ Փովիլայիտիսը (ԱՄՆ), Անաստասյա Ստեպանովան (Ռուսաստան) եւ Ալեն Միրկադիրովը (ԱՄՆ):
Մեկուսացման չորս ամսվա ընթացքում նրանք պետք է «թռչեն» մինչեւ Լուսին, վայր ընտրեն ապագա լուսնային բազայի համար եւ դուրս գան Երկրի բնական արբանյակի մակերեւույթ: Գիտափորձի սցենարը վերարտադրելու է դեպի Լուսին իրական տիեզերական թռիչքի հիմնական բնութագրերը: Բացի այդ, անձնակազմը գիտական ուսումնասիրությունների ծրագրեր է կատարելու ֆիզիոլոգիայի եւ հոգեբանության գծով, ինչպես նաեւ այլ ուղղություններով: Ընդամենը պլանավորված է 81 էքսպերիմենտ: