«Մինչև ավտոկայանատեղիների վճարի բարձրացումը պետք է առանձին վայրերում ավոտկայանատեղի կառուցվի». Կարեն Չիլինգարյան
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն օրերս հայտարարել էր, որ մայրաքաղաքի կենտրոնում ավտոկանատեղիների վճարը պետք է բարձրանա, քանի որ կենտրոնը ոչ թե մեքենաների համար է, այլ՝ քաղաքացիների և հետիոտնի։
«Երևանի կենտրոնը մեքենաների համար չէ, այն պետք է դառնա քաղաքացիների, հետիոտների համար։ Կենտրոնում ավտոկայանատեղիների վճարը պետք է թանկանա։ Այժմ դրա համար մարդիկ վճարում են 35 դրամ»,- ասել էր Վիկտոր Մնացականյանը։
168.am-ի հետ զրույցում «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանն անդրադառնալով կենտրոնում ավտակայանատեղիների վճարի հնարավոր բարձրացմանը, նշեց, որ Հայաստանում սխալ ձևով են կազմակերպում ավտոկայանատեղիների ծառայությունը։
«Քաղաքակիրթ աշխարհում այդպես չի արվում, չեն տանում երթևեկելի հատվածում կարմիր գծեր դնում ու օգտագործում՝ որպես ավտոկայանատեղի։ Եթե մարդիկ դրա փոխարեն գումար են վճարում, ուրեմն պետք է առանձին հատվածում ունենան կայանատեղի, այլ ոչ թե՝ ճանապարհի երթևեկելի հատվածում։ Մեզ մոտ լայն մայթերին սրճարաններ են կառուցել, ինչ-որ կրպակներ տեղադրել, նույնիսկ հետիոտնը չի կարողանում ազատ տեղաշարժվել»,- ասաց Կարեն Չիլինգարյանը։
Ըստ նրա, մինչև ավտոկայանատեղիների վճարի բարձրացումը, նախ պետք է քաղաքակիրթ ձևով կազմակերպվի տվյալ ծառայությունը և առանձին վայրում կառուցվի ավոտկայանատեղի։
«Եթե այսօր ունենք երեք երթևեկելի գոտի, մեկն ավտոկայանատեղի է, ինչն էլ առաջացնում է խցանումներ։ Սովորաբար զարգացած երկրների քաղաքների կենտրոնում ավտակայանատեղի վճարն ավելի թանկ է, քան՝ ծայրամասերում։ Երբ ունենք քաղաքակիրթ հանրային տրանսպորտ, դա կլինի այլընտրանք, քանի որ, եթե այդ խնդիրը լուծվի, շատ մարդիկ մեքենայով չեն գնա կենտրոն»,- շեշտեց Կարեն Չիլինգարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Զվարթ Խաչատրյան