«Հայաստանի Հանրապետության հետ ոչ ոք սպառնալիքների լեզվով չպետք է խոսի». Էրիկ Գրիգորյան
ՀՀ կառավարությունը համապատասխան քայլեր է իրականացնում Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան Արմենիա» ընկերության հայտարարության կապակցությամբ, որ դիմելու են միջազգային արբիտրաժ ՀՀ-ի դեմ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պարզաբանելով, որ արդարադատության նախարարությունը պետք է իրավական կողմն ապահովի:
Ըստ նրա՝ քրեական գործը շարունակվում է, ներգրավված են միջազգային փորձագետներ, և «Լիդիանը» պետք է ըմբռնումով մոտենա, որ ՀՀ կառավարությունը քայլեր է անում, որպեսզի առավելագույն ռիսկերը գնահատի.
«Կարծում եմ՝ բոլոր կողմերի համար էլ ակնկալելի պետք է լինի, որ այս գործընթացի ավարտին կունենանք ավելի պատշաճ տեղեկատվություն իրավիճակի վերաբերյալ»:
Է.Գրիգորյանի խոսքով՝ միջազգային փորձը տարաբնույթ է, լինում են դեպքեր, երբ տնտեսվարողներն են դատը շահում, լինում են դեպքեր, երբ տնտեսվարողների հիմնավորվածությունները բավարար չեն, նաև կա պետության իրավունքը՝ իր քաղաքացիների կյանքի, առողջության, շրջակա միջավայրի պահպանության գործառույթների իրակացնացման առումով, որ նույնպես իրավունք է:
«Հայաստանի Հանրապետության հետ ոչ ոք սպառնալիքների լեզվով չպետք է խոսի»,- նկատեց Է.Գրիգորյանը: