«Վալերի Օսիպյան… Փողոցում բռնությունների գլխավոր կազմակերպիչը. ինչպե՞ս նրան վստահվեց ոստիկանապետի պաշտոնը». «Սասնա ծռեր»
2018 թվականին մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո կատարված կադրային որոշ նշանակումներ անակնկալի բերեցին ժողովրդին: Օրինակ, Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնը վստահելն առնվազն տարօրինակ և տարակուսելի էր:
Տարբեր տարիների ընթացքում բողոքի ցույցերի, ակցիաների մասնակցած քաղաքացիներին շատ լավ հայտնի է Օսիպյանի իրական կերպարը: Ոստիկանական համակարգում Վալերի Օսիպյանի հիմնական գործառույթը եղել է ցույցեր, հանրահավաքներ ցրելը, որոնք հիմնականում արտահայտվում էին քաղաքացիների նկատմամբ բռնությունների կիրառմամբ, և ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելով:
Օսիպյանն իր այդ գործին հավատարիմ մնաց նաև թավշյա հեղափոխությանը նախորդած օրերին: Որտեղ ոստիկանական ակտիվ գործողություններ էին տեղի ունենում, կենտրոնում` դարձյալ Օսիպյանն էր:
Նա երբևէ անգամ փորձ չարեց հրաժարվել կատարելու նախորդ ռեժիմի հրահանգները , ընդհակառակը` մինչև վերջ ջանադրաբար ծառայեց նախորդ ռեժիմին`հլու հնազանդ պահվածքով ապացուցելով իր հավատարմությունը:
Եվ հանկարծ, օրեր անց, ոստիկանապետի պաշտոն ստացավ: Այս նշանակման հարցում օրվա իշխանությունները Օսիպյանի անմնացորդ նվիրումն ու սարգսյանական ռեժիմին կամակատար լինելու հանգամանքը գնահատեցին, թե միտինգներ ցրելու փորձառությունը, դժվար է ասել:
Խնդիրն այստեղ այլ է: Թավշյա պաշտոնն ուղղակի անհարմար մի բան է մի մարդու համար, ով իր գործունեության ողջ ընթացքում բոլորովին այլ տրամաբանությամբ է առաջնորդվել ու առաջ շարժվել:
Ամբողջ կյանքում ցուցումներ կատարած անձի համար արդեն ղեկավարի դիրքից ուրիշներին ցուցումներ տալն ու համակարգ ղեկավարելը բավականին բարդ և պատասխանատու գործ է, հատկապես, որ այդ ցուցումներին ականջալուր լինող չկա:
Դեռ վաղուց կան շշուկներ այն մասին, որ համակարգի ներսում շատերը չեն համակերպվում Օսիպյանի նշանակման հետ, ու շատ դեպքերում ընդդիմանում են վերջինիս հրահանգներին:
Ավելի կոնկրետ, նա մերժելի է անգամ իր ենթակաների շրջանում, քանի որ վերջինիս գրեթե միշտ ենթակայի դերում են տեսել` միտինգներ ցրելիս և գործ սարքելիս:
Այսինքն, պարզից էլ պարզ էր, որ իր հայտնի բնութագիրը փոխել , ավելի ճիշտ կերպարանափոխվել նա չէր կարող` անգամ խիստ ցանկության դեպքում, ինչի ապացույցն այն էր, որ նա, իր բնույթին հավատարիմ մնալով՝ շտապեց դատարան` ցուցմունք տալու ապստամբների դեմ:
Եւ հիմա համակարգի նկատմամբ վերստին աճող անվստահությունն ուղղակի փաստ է: Հատկապես, որ արդեն կան ահազանգեր ոստիկանական բաժանմունքներում ծեծի, բռնության դեպքերի մասին: Քաղաքացիների բողոք-դժգոհություններն Օսիպյանի ղեկավարած համակարգի նկատմամբ օրեցօր ավելանում են, ինչի մասին են վկայում նաև այն փաստերը, որ կառույցի ստորաբաժանումները պարապուրդի են մատնված, անտեսում են քաղաքացիների բողոքները:
Սա մի քանի ենթադրությունների տեղիք է տալիս. կամ համակարգում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձինք են բոյկոտում իրենց ղեկավարին, կամ այդ պաշտոնը զբաղեցնող անձն ուղղակի թույլ կարողություններով է օժտված, որի խոսքը պարզապես զուրկ է որևէ ազդեցությունից:
Դեմագոգիկ հայտարարություններով պարբերաբար աչքի ընկնող Օսիպյանի համար այս դառը իրականությունը չի կարող պարզ չլինել, նա ուղղակի ժամանակ ձգելով է զբաղված:
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության մամուլի ծառայություն