Բաժիններ՝

«Տնօրենը մեկ ժամվա մեջ հասցրել է և՛ երեխաներին, և՛ ուսուցիչներին իր դեմ տրամադրել»

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում օրեր շարունակ դասադուլ ու գործադուլ է:

«Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի»  նախագահ  Արմինե Դավթյանը գնացել և տեղում ծանոթացել է խնդրին, լսել ուսուցիչների բացատրությունը:

«Կարող եմ ասել, որ սա այն դեպքն է, որի դեմ 30 տարի պայքարել ենք: Խոսքն ուսուցիչների նկատմամբ տնօրենների իրավախախտ վերաբերմունքի, ավտորիտար ոճի, ինչպես նաև՝ խնամի-ծանոթ-բարեկամ տարբերակով մասնագետներին փոխելու երևույթի մասին է: Նույնն այստեղ էր կատարվում: Նոր տնօրենն ընտրվել էր մարտի 1-ին, ընտրությանը մասնակցել են դպրոցի երկու ուսուցիչներ, ովքեր եղել են խորհրդի անդամներ: Մեծ սիրով ընտրել են, քանի որ գրեթե 4 ամիս առանց տնօրենի են աշխատել: Եվ, մտնելով նոր կոլեկտիվ, որտեղ 38 աշխատակից կա, ու տարիներ շարունակ միասին աշխատել են, կառավարման մշակույթի տեսակետից կոռեկտ չէր՝ որպես առաջին քայլ, ուսուցիչների ազատման հրաման կատարելը:

Արդյունքում՝ աշխատանքից ազատվելու հրաման է տվել դպրոցի լավագույն աշխատող ուսմասվարին ու իր դեմ է տրամադրել կոլեկտիվին: Ավելին՝ աշակերտներին հայտարարել է, թե՝ տեսե՛ք, որ ուսուցչին չեք սիրում, ասե՛ք, ես կազատեմ աշխատանքից: Թեկուզ չսիրված ուսուցիչներ էլ լինեն, կարծում եմ, որ էթիկայի խախտում է աշակերտներին նման հարց տալը: Այսինքն, աշակերտն այսօր այնքան իրավունք ունի, որ չսիրած ուսուցչին ասի՝ դու ո՞վ ես»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության  կոմիտեի»  նախագահը:

Նրա խոսքով՝ կարծիքներ են հնչում, որ պաշտոնակռիվ է գնում, բայց նման բան չկա:

«Պաշտոնակռիվ չէր կարող գնալ, որովհետև դպրոցում տնօրենի հավաստագիր ունեցող անձ չկա»,- նշեց Արմինե Դավթյանը:

Ինչ վերաբերում է աշխատանքից ազատվելու հրաման ստացած փոխտնօրենին, ապա Արմինե Դավթյանի փոխանցմամբ՝ նրա փոխարեն՝ նոր տնօրենը բերել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսին:

«10-15 տարի աշխատողին օրենքով պետք է 49 օր առաջ զգուշացնեն, իսկ 20-ից ավելի տարիներ աշխատողներին՝ 60 օր առաջ, սա տեղի չի ունեցել, իսկ փոխտնօրենը 33 տարվա աշխատանքային ստաժ ունի: Տնօրենը մեկ ժամվա մեջ հասցրել է և՛ երեխաներին, և՛ ուսուցիչներին իր դեմ տրամադրել»,- հավելեց «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության  կոմիտեի»  նախագահը՝ հայտնելով, որ այսօր ուսուցիչները հրավիրվել են մարզպետարան:

Հիշեցնենք, որ մարտի 12-ից Ավշարի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ էին սկսել, ծնողների հետ միասին՝ պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։

Նշենք, որ մարտի 19-ին աուդիտ են իրականացրել մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցները։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս