«Ներկա փուլում բուն բանակցային գործընթաց չի ընթանում. Առաջիկայում ընթանալու է զրույց մեկնաբանությունների շուրջ». ԱԳՆ խոսնակ

«Ներկա փուլում բուն բանակցային գործընթաց չի ընթանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգին:

Աննա Նաղդալյանն ասաց, որ փաստաթղթում ներառված երեք սկզբունքների և տարրերի շուրջ կան տարբեր մեկնաբանություններ: Ըստ նրա, չհենվելով տարբեր մեկնաբանությունների վրա, անհրաժեշտություն է առաջացել առաջիկա հանդիպման ժամանակ մշակել ընդհանուր` բոլորի համար ընդունելի մեկնաբանություն և արդեն իսկ դրանից հետո հասկանալ, թե ինչպես առաջ շարժվել:

«Իսկ ինչ վերաբերում է բուն բանակցային գործընթացին, ասվել է բազմիցս՝ ներկա փուլում բուն բանակցային գործընթաց չի ընթանում: Առաջիկայում ընթանալու է զրույց մեկնաբանությունների շուրջ»,- ասաց Նաղդալյանը:

Խոսելով Ղազախստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխության մասին, Նաղդալյանը տեղեկացրեց, որ երեկ արդեն իսկ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետի և Նուրսուլթան Նազարբաևի միջև: Նա շեշտեց, որ ՀՀ-ն Ղազախստանի հետ ունի լայնածավալ և կարևոր օրակարգ, որը մեծ կարևորություն ունի ՀՀ-ի համար, այստեղ առաջնային է հատկապես ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ հարթակները, և այս առումով աշխատանքները շարունակվելու են:

 

Տեսանյութեր

Լրահոս