Նազարբաևի ավագ դստերն ընտրել են Ղազախստանի սենատի խոսնակ
Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները խոսնակ են ընտրել երկրի առաջին նախագահի ավագ դստերը՝ Դարիգա Նազարբաեւային: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Նոր խոսնակի ընտրությունը կապված է այն բանի հետ, որ սենատի նախորդ նախագահը՝ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը, մարտի 20-ին Նուրսուլթան Նազարբաեւի պաշտոնաթողությունից հետո ստանձնել է նախագահի պաշտոնը: Հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է ձայների ընդհանուր հաշվումը, դրա նախագահը հայտնել է, որ սենատի նախագահ է ընտրվել Դարիգա Նազարբաեւան:
Ղազախստանի առաջին նախագահի ավագ դուստրը 55 տարեկան է, 2016 թվականի սեպտեմբերից նա հանրապետության խորհրդարանի սենատի պատգամավոր էր եւ գլխավորում էր պալատի միջազգային հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության կոմիտեն:
Տարբեր ժամանակներում Նազարբաեւան եղել է մեջլիսի (ստորին պալատի) պատգամավոր, որտեղ գլխավորել է սոցիալ-մշակութային զարգացման կոմիտեն, պաշտոնավարել է որպես պալատի նախագահի տեղակալ: