Փաշինյան-Ալիև հանդիպման ժամկետների և անցկացման վայրի հարցում դեռ հստակություն չկա
«Հայաստանի և Արցախի դիրքորոշումներում հակասություն չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման հնարավոր ժամկետներին և օրակարգին:
Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ ղեկավարների առաջիկա հանդիպման ժամկետների վերաբերյալ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ԱԺ-ում ասել էր, որ կա սկզբունք, որին կողմերը մշտապես հետևում են, և դեռևս այն փուլը չէ, որ կարողանան այդ մասին համաձայնեցված կերպով հայտարարել:
Ըստ Նաղդալյանի, երբ համաձայնությունը լինի՝ կհայտարարեն, այդ սկզբունքը երբեք չեն խախտել, և այս դեպքը նույնպես բացառություն չի լինելու: «Մենք միջնորդների հետ Արտաքին գործերի նախարարությունում մշտական կապի մեջ ենք, մշտական շփումները շարունակվում են այս ուղղությամբ, և բարձր ենք գնահատում միջնորդների ջանքերը հանգուցալուծման ուղղությամբ»,- ասաց ԱԳՆ խոսնակը:
Ինչ վերաբերում է հանդիպման օրակարգին, ապա, բանախոսի պարզաբանմամբ, վարչապետն անդրադարձել է Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին՝ ասելով, որ առաջիկա բաց օրակարգով հանդիպումը նվիրված է լինելու նրան, թե ինչպես են մեկնաբանվում փաստաթղթում ամրագրված սկզբունքներն ու դրույթները, որոնք վկայակոչվել էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից:
Հարցին, թե ինչպես են գնահատում Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի դիտարկումները, թե պետք է հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, և որքանով են համընկնում Հայաստանի և Արցախի դիրքորոշումները, Աննա Նաղդալյանը պատասխանեց՝ ասելով, որ պարոն Մայիլյանն իր տեսակետն է հայտնել՝ որպես Արցախի ներկայացուցիչ, իսկ Արցախն ինքնուրույն քաղաքական միավոր է, որն ունի իր կողմից ընտրված իշխանություն, ունի իր տեսակետը:
«Ինչ վերաբերում է՝ հակասություն կա՞, թե՞ ոչ՝ իրականում չկա հակասություն, կան հարցեր, մենք մշտապես համագործակցում են արցախյան գործընկերների հետ, և սա կարելի է համարել դրանցից մեկը: ԱԳ նախարարը համապարփակ մեկնաբանել էր, որ սա այն հարցերից մեկն է, որի շուրջ մենք մշտական երկխոսության մեջ ենք նաև արցախյան կողմի հետ»,- ասաց Նաղդալյանը: