Հայաստանում առկա է 339 աղբանոց, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին. Սուրեն Պապիկյան
Հայաստանում բրիտանական մի ընկերություն ուսումնասիրելու է աղբի «մորֆոլոգիական» կառուցվածքը և հաշվարկելու է աղբի քանակը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշեց, որ Հայաստանում առկա է 339 աղբանոց, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին:
«Այդ աղբանոցները հաճախ փորված են համայնքապետի հայեցողությամբ: Մենք պետք է այս ամենը բերենք ստանդարտացմանը և ունենանք փակ աղբավայրեր: Իհարկե, սա շատ ավելի երկար գործընթաց է, քանի որ դեռևս չենք տիրապետում թե աղբի «մորֆոլոգիական» կառուցվածքին և թե քանակին»,- ասաց Պապիկյանը:
Ըստ նախարարի` դրա արդյունքում Կառավարությունը աղբահանության ոլորտում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործընկերներին կարող է ներկայացնել իրական պատկերը: