Երանոսյանի պաշտպանը բողոք է ներկայացրել Դատախազություն. պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը
ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի պաշտպանական կողմը պահանջում է հարցաքննել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ քննիչի կողմից իրենց միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոք է ներկայացրել դատախազին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանից։ Նրա խոսքով՝ իրենք միջնորդություն էին ներկայացրել մի քանի պահանջով. «Առաջին պահանջը քրեական հետապնդումը դադարեցնելն ու մեղադրանքը վերացնելն էր, երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանին եւ Վալերի Օսիպյանին հարցաքննելը. նրանք այդ օրը՝ այդ իրադարձությունների ժամանակ, առանցքային դերակատարում ունեին։ Եվ երրորդ պահաջն այն էր, որ չշտապեին գործը միայն Երանոսյանի մասով դատարան ուղարկել, այլ գնահատական տային ընդհանուր իրադարձություններին, մասնավորապես՝ ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերին եւ ոստիկանության մյուս ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառմանը»։
Տիգրան Սաֆարյանի փոխանցմամբ՝ նշված որոշումը բողոքարկել են ուրբաթ օրը՝ մարտի 15-ին։ Պատասխան դեռ չունեն. «Ակնկալում ենք հիմնավոր որոշում, բայց տեսնենք՝ ինչ կստանանք»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով։ Խոսքը վերաբերում է պաշտոնական լիազորություններն անցնելուն, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով եւ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Նշենք, որ 2-րդ մասով նախատեսվում է առավելագույնը 3, իսկ 3-րդ մասով՝ 6-10 տարով ազարազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հիշեցնենք՝ Լեւոն Երանոսյանը մեղադրվում է հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։
Լևոն Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նա մեղադրանքը չի ընդունում։