Նազարբաևի կարծիքը գերակա է լինելու ռազմավարական որոշումներ ընդունելիս. Տոկաև
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը պաշտոնամուտից հետո հայտարարել է, որ երկրի առաջին նախագահի՝ Էլբասի (ազգի առաջնորդ) Նուրսուլթան Նազարբաեւի կարծիքը գերակա նշանակություն է ունենալու երկրի համար ռազմավարական բնույթի որոշումներ ընդունելիս, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Էլբասիի հեղինակավոր կարծիքը առանձնահատուկ, կարելի է ասել՝ գերակա նշանակություն է ունենալու ռազմավարական բնույթի որոշումներ մշակելիս եւ ընդունելիս»,-նշել է Տոկաեւը:
Նա նաեւ ընդգծել է, որ խորհրդարանի կողմից ընդունված օրենքների համաձայն, «Նուրսուլթան Աբիշեւիչ Նազարբաեւը միակ ու ցկյանս Էլբասին, ժողովրդի հայրն է մնում մեր երկրում»:
Տոկաեւը նաեւ հայտարարել է, որ Ղազախստանի նախագահի պաշտոնում շարունակելու է Նազարբաեւի քաղաքականությունը: «Պլանավորում եմ՝ իմ գիտելիքներն ու փորձը ուղղել Էլբասիի ռազմավարական կուրսի հաջորդայնության ըստ ամենայնի ապահովմանը»,-ասել է Տոկաեւը Ղազախստանի ժողովրդին երդում տալուց հետո: